«Ա՜յ, դա է աղետը, որի մասին, ցավոք, լռում են». Հրաչ Բերբերյան

«Ցրտահարության լուրջ վտանգ դեռ չկա, բայց եթե հավատանք այն կանխատեսումներին, որ -30 աստիճան ցուրտ է լինելու, իհարկե, նման վտանգ կլինի: Եթե Արարատյան դաշտում 6-12 ժամ -30 աստիճան լինի, ապա և՛ ծառերի, և՛ չծածկված խաղողի այգիների ցրտահարություն կունենանք: Ինչ վերաբերում է լեռնային գոտիներին, ապա այդտեղ որևէ խնդիր չունենք. մասսայական պտղատու այգիներ չկան: Բայց այսօրվա վիճակով որևէ խնդիր դեռ չունենք»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նկատելով, որ տևողական ցրտի դեպքում որևէ կերպ հնարավոր չի լինի խուսափել ցրտահարությունից:

«Այդ դեպքում ո՛չ ծխահարությունը կօգնի, ո՛չ ոռոգումը, որովհետև տաք ջուր որտեղի՞ց պետք է ճարեն, որ ոռոգեն»,- նկատեց նա:

Ջերմոցային տնտեսություններ ունեցողներին մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս այս օրերին չխախտել ջեռուցումը՝ ցրտահարություններից խուսափելու համար: «Գյուղմթերքի ռիսկային արտադրություն է, և, եթե ջեռուցումը սխալ կազմակերպվեց, իհարկե, մենք ցրտահարություններ կունենանք»:

Նա նշեց, որ, եթե այսպես շարունակվի, ու ջերմաստիճանը չնվազի՝ հասնելով՝ -25 կամ -30 աստիճանի, ապա բերքառատ տարի է մեզ սպասվում:

Ագրարագյուղացիական միավորման նախագահին մտահոգում է ոչ այնքան եղանակային անբարենպաստ պայմանները, որքան կրծողների դեմ ոչ արդյունավետ պայքարը: «Արմավիրի մարզի մի շարք գյուղերում կրծողներն այն աստիճանի վնաս են տվել ծառերի բներին, որ հսկայական քանակով այգիներ կչորանան: Ա՜յ, դա է աղետը, որի մասին, ցավոք, լռում են: Մոտ մեկ շաբաթ առաջ ամբողջ Հայաստանում կրծողներն ակտիվացել էին, հիմա եղանակի ցրտելու հետ նահանջում են: Այս տարի դաշտերը գերհագեցած են դաշտային մկներով: Դա ամեն 5 տարին մեկ կրկնվում է. այս տարի հենց այդ տարին էր: Դրանց դեմ պայքարը վատ է կազմակերպված: Ինչպես նշեցի՝ հիմնական վնասներն Արարատյան դաշտում են եղել. արտաքինից կարծես թե վնասներ չկան, բայց իրականում ծառերի արմատները վնասել են կրծողները»:

Տեսանյութեր

Լրահոս