«Վերջը մենք երկիր դառնալո՞ւ ենք, թե՞ չէ». Վարդան Բոստանջյան
«Գիտեք, այդ 100 օրն ինձ համար ծիծաղելի, ինչ-որ տեղ զավեշտալի բան էր, իբր թե՝ մինչև էդ թոզ ու դուման արեցին, հիմա էլ 100 օրն անցնելուց հետո լայն ճակատով հանդես են գալիս հասարակության առջև: Կարևորն այն է` գործ անո՞ւմ են էս երկրի համար: Իսկ 101 թե 102 օր կլինի, էական չէ: Կարևորը ոչ թե ասուլիսով հանդես գալն ու միամիտներին սիրուն երևալն է, այլ վերջը մենք երկիր դառնալո՞ւ ենք, թե՞ չէ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագիտության դոկտոր, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` մեկնաբանելով վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից կառավարության 100 օրվա ամփոփումը:
Դիտարկմանը, որ վարչապետը վստահեցնում է, թե այլևս մենաշնորհներ չկան, շուկան բաց է, ներկրողներին ոչինչ չի խանգարում, Վ.Բոստանջյանը հեգնեց. «Վայ, ինչ լավ նորություն ասեցիք, ես էլ չգիտեի էդ մասին: Գիտե՞ք ինչ կա, հասարակությունը, նույնիսկ դպրոց չհաճախած մասը, շատ լավ հասկանում է, թե ինչն ինչոց է: Խոշոր առումով մենաշնորհները դեռ կան, կոռուպցիան կա, և, փաստորեն, հայ քաղաքացին գիտի, որ իր երկրում արհամարհված է, շպրտված է, ու փոքր-ինչ հնարավորության դեպքում մտածում է՝ ոնց փախնել այստեղից»:
Վ.Բոստանջյանը նշեց, որ տարիներ շարունակ Հայաստանը գտնվել է տխուր վիճակում, ու դա դեռ պահպանվում է, բայց բոլոր դեպքերում ամենաչնչին առիթով էլ մարդիկ հույսեր են փայփայում. «Կառավարության նոր կազմն իբր թե համեմատաբար գրագետ տղաներ են, բայց տեսնենք՝ ինչ են անելու երկրի համար: Չեմ ուզում պեսիմիստ լինել, ամենավատ բաները մտածել, բայց բոլոր դեպքերում 100 թե 200 օր կլինի, բոլոր դեպքերում, եթե բնությունն օժտել է տղամարդկությամբ, կամեցողությամբ ու երկիրը սիրելու կարողությամբ, պետք է միանգամից ճակատային անցնել գործի, ոչ թե նորից շարունակել ապակողմնորոշել հասարակությանը»: