Որոնք են զբոսաշրջության ոլորտի խնդիրները և ինչ քայլեր է ձեռնարկել Կարեն Կարապետյանի կառավարությունը՝ դրանց լուծման ուղղությամբ
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները:
Տնտեսական զարգացում ապահովելու նպատակով ախտորոշվել են զբոսաշրջություն ոլորտի խնդիրները, այն է՝ Հայաստանը համաշխարհային շուկայում դեռևս լավ ճանաչված չէ որպես զբոսաշրջային երկիր, ոչ հայկական ծագումով զբոսաշրջիկների թիվը դեռևս ցածր է, տուրիզմի ենթակառուցվածքները բավարար չափով զարգացած չեն:
Ի լրումն ծովին ելքի բացակայության և ցամաքային չորս սահմաններից երկուսը փակ լինելուն՝ առկա է նաև օդային փոխադրումների մրցակցության և աշխարհագրական դիվերսիֆիկացիայի խնդիր: Սահմանային անցման գործընթացները (այդ թվում՝ վիզային ռեժիմի) ևս պահանջում են դյուրացում:
Հայաստանում զբոսաշրջության ներուժը բավականաչափ բացահայտված, գույքագրված և օգտագործված չէ, առկա չէ զբոսաշրջիկների տարբեր (այդ թվում՝ ներքին) խմբերի համար բազմազանեցված առաջարկ։
Արդյունքում՝
- տուրիզմը չունի այն մասնակցությունը տնտեսության մեջ, որի ներուժն ունենք.
- տուրիզմի ազդեցությունը հանրապետության մարզերում խիստ սահմանափակ է:
Ինչ է արվել՝
- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգում ստեղծվել է զբոսաշրջության պետական կոմիտե:
- Մասնավոր հատվածի հետ քննարկվել և լրամշակվել է «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքը և առնչվող այլ օրենքների և իրավական ակտերի փաթեթը:
- Մշակվել է 2017 թվականի տարեկան զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որի շրջանակում ակտիվ թիրախային մարքեթինգ իրականացնելու համար ընտրվել են հետևյալ շուկաները՝ Ռուսաստան, Չինաստան, Ճապոնիա, Ծոցի երկրներ, Արևմտյան Եվրոպայի երկրներ:
- Դյուրացվել է Չինաստանի քաղաքացիների համար դեպի Հայաստան սահմանային անցման գործընթացը: Նոյեմբերի 10-ից Չինաստանի քաղաքացիները Հայաստան մուտքի արտոնագիր կարող են ստանալ ոչ միայն Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններից, այլ նաև սահմանային անցման կետերում կամ առցանց:
- Քննարկվում են նաև այլ նպատակային շուկա հանդիսացող երկրների քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու հարցը (շրջանառության մեջ է համապատասխան համաձայնագիրն Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, ներկա փուլում առաջարկվում է դիտարկել Ճապոնիայի, Կանադայի, Ծոցի մի շարք երկրների քաղաքացիների համար):
- Մշակվել է Գյումրի քաղաքի զբոսաշրջության զարգացման համառոտ ծրագիր-տեսլականը:
- ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» 55 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի պայմանագիրը, որն ուղղված է ՀՀ համայնքներում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, ծառայությունների որակի և մրցունակության բարձրացմանը: