Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են սիրիական ճգնաժամը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկել է Աստանայում կայանալիք միջազգային հանդիպման կազմակերպման ընթացքը՝ նվիրված Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հիմնական ուշադրությունը հատկացվել է Սիրիային։ Նշվել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները Սիրիայի կառավարության և չափավոր ընդդիմության միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին, ընդհանուր առմամբ պահպանվում են։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ գործողությունները Աստանայում միջսիրիական բանակցությունների նախապատրաստության հարցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որի ժամանակ քննարկել է Աստանայում կայանալիք միջազգային հանդիպման կազմակերպման ընթացքը։