
«Ռուսաստանը պետք է պատախանատվություն կրի իր գործողությունների համար». Թիլերսոն

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը Սենատում լսումների ժամանակ հայտարարել է, որ հանդես է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության օգտին, սակայն ընդգծել է, որ հակասական հարցերում ԱՄՆ-ն պետք է պաշտպանի իր շահերը, հայտնում է The Washington Post-ը։
Թերթի տեղեկություններով՝ Թիլերսոնը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է ՌԴ-ի հետ համագործակցի այն ոլորտներում, որտեղ ունեն ընդհանուր հետաքրքրություններ։ Նրա կարծիքով՝ դա մասնավորապես վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին։
Այդուհանդերձ, նրա խոսքով, «այնտեղ, որտեղ առկա են հակասություններ, ԱՄՆ-ն պետք է հաստատակամ լինի իր և իր դաշնակիցների շահերի պաշտպանության հարցերում»։
«ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներն անհանգստացած են Ռուսաստանի հավակնությունների աճից։ Սակայն դա տեղի է ունեցել ամերիկյան լիդերության բացակայության պատճառով, ինչի հետևանքով դռները բացվել էին։ Ռուսաստանը պետք է իմանա, որ մենք պատասխանատու ենք մեր պարտավորությունների համար և որ ինքը պետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների համար»,- նշել է նա։