«Շուտով կլրանա 20 տարիս, ես դեռ գաղութում եմ». «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ
168.am-ի խմբագրություն է դիմել դատապարտյալ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Մելիքյանը։
Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իր դիմումը. «Պատճառաբանել են, որ ես նախկինում 3 տույժ եմ ունեցել և ինքնավնասման հակում ունեմ։ 3 տույժերի ժամկետն էլ լրացել է, դրանք դուրս են եկել»։ Արթուր Մելիքյանը նշեց, որ արդեն մի քանի ամիս է՝ գտնվում է «Կոշ» ՔԿՀ-ում և որևէ նկատողություն չունի։
Արթուրի խոսքով՝ նա անազատության մեջ է 2014թ. հոկտեմբերից. դատապարտվել է անչափահաս տարիքում, գողության համար։ «Շուտով կլրանա 20 տարիս, ես դեռ գաղութում եմ, եկել է ժամանակս, ինձ չեն ուզում ազատել»,- ասաց նա՝ նշելով, որ 2018թ. հոկտեմբերին լրանում է պատժի կրման ժամկետը, սակայն 3 ամիս անց կրկին պատրաստվում է դիմում ներկայացնել։