Բաժիններ՝

Ինչի՞ մասին է խոսում Ռոնալդուի հերթական մրցանակը, կամ ե՞րբ կավարտվի Մեսսի-Ռոնալդու ժամանակաշրջանը

Երբ մենք արդեն շատ ծեր կլինենք, մեր թոռնիկները, թերթելով ֆուտբոլային արխիվները, կհարցնեն մեզ, թե արդյո՞ք մեր ժամանակներում չի եղել այլ ֆուտբոլիստ, բացի Մեսսիից և Ռոնալդուից: Մենք էլ արդեն խամրող հիշողությունով կասենք, որ ամբողջ մոլորակում չի եղել ավելի արժանի մեկը:

Թվում է, որ մենք վերապրել ենք ամեն ինչ՝ Հունաստանին, որպես Եվրոպայի առաջնության հաղթող, տիկի-տական, Մոուրինիոյին՝ Անգլիայում, Ֆերնանդո Տորրեսի ժամանակաշրջանը, ֆուտբոլի գերմանական նվաճումը, Սերխիո Ռամոսի՝ վերջում փայլելու ֆենոմենալ կարողությունը, բայց, թվում է, որ Մեսսի-Ռոնալդու ժամանակաշրջանը հաղթահարել անկարելի է:

Երեկ Ցյուրիխում կայացավ ՖԻՖԱ-ի 2016 թվականի մրցանակաբաշխությունը: ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը սպասելի էր՝ Կրիշտիանու Ռոնալդու: Ռոնալդուի հետ պայքարում էին, իհարկե, Լիոնել Մեսսին և Ոսկե գնդակի համար պայքարում նորեկ Անտուան Գրիզմանը:

Առաջին անգամ Մեսսին և Ռոնալդուն հայտնվել են Ոսկե գնդակի համար պայքարող ֆուտբոլիստների լավագույն եռյակում 10 տարի առաջ՝ 2007 թվականին: 2008 թվականից ի վեր այս պայքարում հաղթել է նրանցից մեկը:

Կարդացեք նաև

Երկար կարելի է վիճել, թե արդյո՞ք չեն եղել ավելի արժանի ֆուտբոլիստներ այս տարիներին, թե՞ ոչ: Բայց այն, որ այսքան ժամանակ այս երկու ֆուտբոլիստների մակարդակը միշտ եղել է ավելի բարձր, և նրանք արժանիորեն եղել են լավագույն եռյակում՝ անվիճելի Է: Տարիների ընթացքում այն միտքը, թե Մեսսին և Ռոնալդուն ընդգրկվել են լավագույն ֆուտբոլիստների եռյակում, արդեն դարձել է սովորական և սպասելի:

Սա ունի իր պատճառները: Մի շարք տաղանդավոր և թանկարժեք ֆուտբոլիստներ երազում են հասնել Ռոնալդուի վատագույն մրցաշրջանի ցուցանիշներին: Ռոնալդուի ցուցանիշները հնչում են՝ որպես պոեմ՝ 376 գնդակ 365 խաղերում՝ հաշվի առնելով ակումբի խաղերը բոլոր մրցաշարերում, մեկ մրցաշրջանում նվազագույնը՝ 50 գոլ:

Պորտուգալացին և արգենտինացին վերջին տարիներին ցուցադրում են այնպիսի խաղ, որ  «Պելե՞, թե՞ Մարադոնա» հավերժ թվացող հարցը փոխարինվել է «Ռոնալդո՞ւ, թե՞ Մեսսի» հարցով:

Կհիշենք Ինիեստա, Բեյլ, Չավի, Իբրահիմովիչ, Բուֆֆոն և մի շարք այլ անուններ, ովքեր արժանի էին լավագույնի կոչմանը, սակայն զիջեցին ֆուտբոլային այս հանճարներին:

Ինչքան էլ մեղադրենք Մեսսիին և Ռոնալդուին՝ մյուս ֆուտբոլիստների աստղը խամրեցնելու և ամեն ինչ իրենց վերցնելու համար, միևնույն է, չունենք պատճառ նշելու, որ այս ֆուտբոլիստներն արժանի չէին իրենց մրցանակներին:

Գուցե վերը նշված  ֆուտբոլիստները ևս ստանան իրենց արժանի մրցանակները, սակայն դա կլինի այն ժամանակ, երբ պարզ կդառնա, որ այս Մեսսի-Ռոնալդու զույգից մեկը ստեղծվել էր լաբորատորիայում՝ կիբորդների երկար ջանքերի շնորհիվ, իսկ մյուսն ուղարկված է այլմոլորակային ուժերի կողմից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս