Խորհրդային հայտնի այլախոհ Պավել Լիտվինովի պատմությունը
Պավել Միխայլովիչ Լիտվինովը սիրում է պատմություններ պատմել։ Օրինակ՝ Հուդզոն գետի վրա գեղատեսիլ վայրերի մասին կամ Նյու Յորքից 40 կիլոմետր հեռու գտնվող Իրվինգթոն քաղաքի մասին, որտեղ նա բնակվում է արդեն 10 տարի։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Այստեղ ապրել է առաջին ամերիկացի արձակագիր Վաշինգտոն Իրվինգը։ Նրանից առաջ բոլորը համարվում էին անգլիացի»։
Պավել Միխայլովիչը հատկապես ոգեշնչված պատմում է իր կյանքի ամենավառ իրադարձության մասին։ Խոսքը 1968 թվականի օգոստոսի 25-ին տեղի ունեցած «Յոթի ցույցի» մասին է։ Նրանք ընկերներով դուրս էին եկել ցույցի Մոսկվայի Կարմիր հրապարակ՝ ի նշան խորհրդային զորքի՝ Չեխոսլովակիա ներխուժման դեմ բողոքի։ 28-ամյա Պավելը պաստառ էր պահել, որի վրա գրված էր՝ «Հանուն ձեր և մեր ազատության»։
«Վազելով մեզ մոտեցան պահակազորայինները և սկսեցին հարվածել։ Մի կին իր տնտեսական պայուսակով հարվածում էր գլխիս։ Իմ կողքին նստած էր Վիկտոր Ֆայնբերգը։ Ես նկատեցի, որ նրա բերանին ոտքով հարվածեցին և կոտրեցին չորս առջևի ատամները։ Նա ինձ ցույց տվեց ձեռքում պահած արնաթաթախ ատամները»։
Բրեժնևյան ամբողջատիրական Խորհրդային Միությունում Կարմիր հրապարակում բողոքի ցույց կազմակերպելու խելահեղ արարքը դժվար է պատկերացնել։ Նրանք յոթն էլ գիտակցում էին, որ իրենց սպասվում է բանտարկություն և աքսոր։ Սակայն այն ժամանակ վերապրած ազատության զգացումը անմոռանալի է։
«Հետևանքները ակնհայտ էին, սակայն որքա՞ն կարելի էր դրա մասին մտածել։ Երբ դուրս եկանք Կարմիր հրապարակ և նստեցինք մայթեզրին, ես կատարյալ երջանկություն էի զգում»։
Իսկ ինչո՞ւ Պավել Լիտվինովը դուրս եկավ հրապարակ։
«Ես չէի կարող հանդուրժել, որ իմ անունից միջազգային իրավունքի այդպիսի խախտում է տեղի ունենում, տանկեր են մտցնում, կառավարության անդամների ձերբակալում։ Ես պետք է բարձրաձայնեի, որ դուք թեև դա անում եք, սակայն ոչ իմ անունից»։
Այդ դեպքից հետո նրան հինգ տարով աքսորեցին Չիտայի մարզ, որտեղից ազատ արձակվելուց հետո նա շարունակեց իրավապաշտպան գործունեությունը։ Դրան հետևեց ներգաղթը, ապա՝ իրավապաշտպան հրատարակությունների վրա և Սախարովի հիմնադրամում աշխատանքը։
Բողոքի և ընդդիմադիր ոգին վաղուց ի վեր ապրում է Լիտվինովների ընտանիքում։ Պավելի պապը՝ Մաքսիմ Մաքսիմովիչը հայտնի հեղափոխական բոլշևիկ էր և Խորհրդային Միության արտաքին գործերի ժողովրդական կոմիսարը։
Իսկ որդին՝ Դմիտրին, Greenpeace բնապահպանական կազմակերպության ակտիվիստ է, ում երեք տարի առաջ ռուսական իշխանությունները ձերբակալել էին Բարենցի ծովում Պրիռազլոմնայա նավթահարթակում արդյունահանման դեմ բողոքի ցույց անցկացնելու համար։
Պավել Լիտվինովը սիրում է Ամերիկան և հավատում երկրի առաջընթացին։ Սակայն այսօր նա կրկին դժգոհ է իշխանությունից։
«Ինձ իրոք մտահոգում է այս երկրի ապագան։ Շուտով Դոնալդ Թրամփը կստանձնի նախագահի պաշտոնը։ Ես տեսնում եմ ամբոխավարության, մարդկային վատթարագույն հատկանիշների վառ դրսևորում և ատելության սերմանում»։
Եվ ահա կրկին Պավել Միխայլովիչը պատրաստվում է պայքարել։
«Ամերիկայում պայքարի մեխանիզմները բազմաթիվ են։ Կարելի է դուրս գալ ցույցի, և ես պատրաստ եմ գնալ այդ քայլին ճիշտ մարդկանց հետ։ Բացի այդ, կարելի է գրել, օրինակ՝ ֆեյսբուքում, փորձել բացատրել, ելույթներով հանդես գալ թերթերում, ամսագրերում»։