«Բոլորը ստարտային վիճակով սպասում են խորհրդարանական ընտրություններին». Նաիրա Զոհրաբյան

«Քաղաքական առումով մեծ տեղաշարժ չկա, բոլորը ստարտային վիճակով սպասում են խորհրդարանական ընտրություններին, որոնք իսկապես շատ վճռորոշ են լինելու մեր երկրի ապագայի համար, որովհետև կառավարման մոդել ենք փոխել, այսինքն՝ հիմնական դերակատարը դառնում են քաղաքական ուժերն ու խորհրդարանը։ Թե ինչպիսի քաղաքական ուժեր կլինեն խորհրդարանում, դրանից շատ բան է կախված լինելու, որովհետև որոշումների առաջնային մանդատը տեղափոխվելու է խորհրդարան, և ես իսկապես շատ ցանկանում եմ, որ մենք ունենանք պրոֆեսիոնալ խորհրդարան, որտեղ մարդիկ ոչ թե գալիս են քնելու, հորանջելու, կամ ուրիշի փոխարեն քվեարկելու համար, այլ աշխատելու։ Իսկ այս առումով շատ կարևոր են ազատ և արդար ընտրությունները։

Ով ասես խոսում է ազատ և արդար ընտրությունների մասին, այդ արտահայտությունն այնքան է չարչրկվել, որ չեմ էլ ուզում դրա մասին խոսել։ Ընդամենը մի բան կասեմ՝ եթե այս ընտրություններն էլ լինեն այնպիսին, ինչպիսին Հայաստանում եղել են համապետական ընտրությունները, ապա մենք լրջագույնս վտանգելու ենք մեր երկրի ապագան և անվտանգությունը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նա կարևորեց, որ առաջին հերթին այսուհետ սահմանին զինվորի կորուստ չունենանք, և 1000 դրամների օրենքի կիրառման կարիքը չլինի. «Ամենակարևորը խաղաղությունն է։ Որևէ մեկն այնքան լավ չի հասկանում խաղաղության գինը, որքան պատերազմող երկրի քաղաքացին։ Իսկ մենք, ըստ էության, պատերազմի մեջ ենք»։

Ըստ նրա՝ անցած տարվա ձեռքբերումների մասին համեստորեն պետք է լռել, քանի որ որևէ ոլորտում ձեռքբերում չենք ունեցել. «Ամենածանրը բոլորիս համար ապրիլյան պատերազմն ու զոհերն էին, որն աններելի կորուստ է, և պետք է հետևություններ անել, թե ինչու տեղի ունեցավ դա։

Շատ կարևոր է, որ մի կողմ դնելով պոպուլիզմն ու սուտի ֆիդայականությունը, բոլոր քաղաքական ուժերը հասկանան, որ պետք է համատեղենք մեր ջանքը, կամքը, համարձակությունն ու իմաստնությունը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման տարբերակը գտնելու համար։ Ես այս պահին պատրաստ չեմ տալ այն բանաձևը, որ կբերի արժանապատիվ խաղաղության, բայց հստակ է, որ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ և ոչ թե այնպիսին, որը մուրում ենք։ Մուրացյալ խաղաղությունը շատ ավելի վտանգավոր է, քան պատերազմը»։

Ն.Զոհրաբյանի կարծիքով՝ երբ կառավարությունն արտաքնապես փոխվեց, հանրության մի շերտի մոտ ինչ-որ լավատեսություն առաջացավ, որ հնարավոր են դրական քայլեր։ Ըստ նրա՝ կախարդական փայտիկ բացարձակապես պետք չէր այդ կարևոր քայլերը մեկ շաբաթում արդեն անելու համար՝ ստվերային տնտեսության, մենաշնորհների դեմ պայքար և հարկային դաշտի հավասարություն բոլորի համար։ Սակայն, պատգամավորի խոսքով, առ այս պահը, «կառավարության դիզայնի» փոփոխությունից բացի, այլ դրական տեղաշարժ չի եղել, և հանրության մոտ առաջացած դրական սպասումները շատ արագ մարում են։

 

Տեսանյութեր

Լրահոս