«Պարոն Ծառուկանին բոլորը սպասում են». Աղվան Վարդանյան

«2016 թվականը նոր սկզբի հնարավորություն էր՝ մի քանի առումներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Նա նկատեց, որ տարին սկսվեց կառավարման նոր համակարգով, նոր Սահմանադրությամբ, ինչը, ըստ նրա, համակարգային փոփոխության հնարավորություն էր. «2016 թվականը նաև համակարգային փոփոխության տարի էր՝ Ընտրական նոր օրենսգրքի ընդունման առումով, այն աշխուժություն մտցրեց քաղաքական դաշտում:

Գիտակցելով թե չգիտակցելով, ընդունելով թե չընդունելով՝ մարդիկ տեսնում են, որ կա հնարավորություն ընտրությունների միջոցով Հայաստանում բան փոխել»:

Ա. Վարդանյանը շեշտեց, որ այս երկու «համակարգային» փոփոխություններում ՀՅԴ-ի դերակատարությունն «էական» է։ Նա նաև առանձնացրեց ՀՀԿ-ՀՅԴ-ի քաղաքական համագործակցությունը.

«Շատերը մեզ փորձում են մեղադրել, շատերը փորձում են այդ համաձայնագրի մեջ այլ ենթատեքստ տեսնել, բայց եթե մենք վստահ չլինեինք, որ առաջադրում ենք այնպիսի խնդիրներ, որոնք անհրաժեշտ է մեր երկրում իրականացնել, մենք երբեք չէինք գնա համագործակցության»։

Ըստ Ա. Վարդանյանի՝ նոր կառավարության ձևավորումը որոշակի դրական սպասումներ առաջացրեց.

«Նոր կառավարության ծրագրում դրված են նաև ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համաձայնագրի ուղղություններն ու խնդիրները: Թե որքանո՞վ ծրագիրն արդյունավետ կլինի ու տեսանելի արդյունքներ կգրանցի, ցույց կտա ժամանակը, քանի որ ջանքերը տեղափոխվելու են արդեն 2017 թվական»։

ՀՅԴ քարտուղարը տարվա իրադարձությունների մեջ առանձնացրեց նաև ապրիլյան պատերազմը և ՊՊԾ գնդի գրավման հետ կապված հուլիսյան դեպքերը.

«Ապրիլյան պատերազմում ժողովուրդն աչքի ընկավ անսպասելի համախմբվածությամբ, երկիրը պաշտպանելու ուժեղ կամքով, ցավոք, եղան անդառնալի կորուստներ: Սակայն ապրիլից մինչև ամառ չկարողացանք կուտակված էներգիան ճիշտ ուղղորդել, ու պատահեցին հուլիսյան դեպքերը: Որքան էլ անկեղծ կամ հուսահատ լիներ այդ քայլը, ցավալի է, բայց դա ինչ-որ առումով ուղղորդված էր կամ ոչ, նկատի ունեմ՝ դրսի ուժերին, դարձավ ապրիլյան մեր համախմբվածությունը ջարդելու, կոտորակելու առիթ ու հնարավորություն: Փառք Աստծո, մենք դուրս եկանք այդ կացությունից, բայց խնդիրները մնում են, և դրանք լուծելու համար պետք է հետևողականորեն աշխատել»։

Ա. Վարդանյանի խոսքով՝ վերջին 6 ամիսներին ՀՅԴ-ի շարքերն են անցել մոտ 800 նորագիրներ, և նրանց 80 տոկոսը երիտասարդներ են: Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու մասին հայտարարությանը՝ Ա. Վարդանյանն ասաց.

«Իմ գնահատմամբ՝ պարոն Օհանյանը նոր չէ մտնում քաղաքականություն, ինքը քաղաքական պաշտոն է զբաղեցրել, եղել է թիմի անդամ, սա իր որոշելիքն է։ Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ ձևաչափով, ինչ թիմով նա ասպարեզ կգա»։

Խոսելով նաև ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին՝ Ա. Վարդանյանը նշեց, որ «պարոն Ծառուկանին բոլորը սպասում են»։

Լրագրողի ճշտող հարցին, թե ՀՅԴ-ն է՞լ է սպասում՝ Ա. Վարդանյանն այսպես պատասխանեց.

«ՀՅԴ-ն այն եզակի քաղաքական ուժն է, որ ունի իր հստակ խնդիրները, նպատակները, արժեչափերը, իր սկզբունքները, ու մեզ համար ուղղակի հետաքրքիր են զարգացումները»։

Տեսանյութեր

Լրահոս