
Պետական պարտքի սպասարկման մասով Վարդան Արամյանը որևէ խնդիր չի տեսնում

Պետական պարտքի սպասարկման մասով որևէ խնդիր 2016 թվականին չի եղել, խնդիր չի լինի նաև 2017-ին: «Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 23-ին տարեվերջյան ասուլիսին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով` 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքը հստակ ուրվագծում է, թե ինչ կարգի պարտք է ներգրավվելու:
«150 մլրդ դրամի դեֆիցիտն արդեն հստակ ունի իր աղբյուրները: Հստակ ներկայացված է, թե որտեղից և ներքին շուկայից որքան ենք ներգրավելու: Բնականաբար, այնտեղ կա սպասարկման սցենարը: 2017 թվականին պարտքի սպասարկման ծախսերը կկազմեն շուրջ 119 մլրդ դրամ: Պարտքը չսպասարկելու վերաբերյալ վտանգներ չկան: 2017 թվականին հիմանական թիրախը բոլորիս համար լինելու է Հայաստանում ներդրումներ ներգրավվելը: Վերջին տարիները ցույց են տվել, որ մեր հիմանական թույլ կողմն օտարերկրյա ներդրումներն են, որոնք գնալով նվազել են, և մենք պետք է շրջենք այդ միտումն աճի ուղղությամբ»,- ասաց Վարդան Արամյանը:
Նրա խոսքով` դրա համար առաջին քայլը մակրոտնտեսական կայունության ապահովումը և վստահելի մակրոտնտեսական քաղաքականության իրականացումն է: Նախարարը ներկայացված բյուջեն խելամիտ է համարում և հավելում է, որ այդ բյուջեն վստահություն է ներշնչում նաև օտարերկրյա ներդրողների մոտ: