«Դեֆոլտից խուսափելու համար դրսից ներարկումներ եք անում». Արամ Մանուկյան
«Կարո՞ղ եմ գնահատական տալ, որ դուք բյուջե չեք կարողանում հավաքել և դեֆոլտից խուսափելու համար դրսից ներարկումներ եք անում՝ ձեր ներքին ֆունկցիաները սպասարկելու համար»,- այսօր նման հարցով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիմեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1007 01 D վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, որով ՀՀ կառավարությանը կտրամադրվի 40 միլիոն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ։
Ա. Մանուկյանը նաև խնդրեց ներկայացնել այսօրվա նախարարության և նախորդ նախարարության ֆինանսական քաղաքականության գոնե մեկ տարբերություն։
«Որևէ դեֆոլիտի խնդիր չկա, որովհետև ֆինանսների կառավարման տեսանկյունից՝ մենք բարձիկներ ենք անվանում իրենց՝ միջոցներ ենք կուտակում կայունացման հաշվի վրա, հետևաբար՝ մենք այսօր մեր կայունացման հաշվի վրա ունենք կուտակված միջոցներ՝ այդ ռիսկերը չեզոքացնելու։ Եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ չի վավերացվում, կառավարությունն ունի երկու ճանապարհ՝ կամ ներքին պարտատոմսերի շուկայից է փորձելու ներգրավել, որն ավելի թանկ է արժենալու, և երկրորդ տարբերակը՝ գնալ և եվրոբոնդեր թողարկել»,- նշեց փոխնախարարը, որի հավաստիացմամբ՝ իրենց առաջարկած տարբերակն ամենաէժան տարբերակն է։
Ա. Մանուկյանի երկրորդ հարցի մասով՝ փոխնախարարն ասաց, որ Ֆինանսների նախարարության մոտեցումները փոխվում են այնքանով, որքանով կառավարության մոտեցումներն են փոխվում։