
Կաթնամթերք, մսամթերք, խմիչք արտադրող ընկերություններում լուրջ խախտումներ են արձանագրվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից վերջին երեք ամսում իրականացվել է 120 պետական վերահսկողություն: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը՝ հավելելով, որ վերահսկողություն է կատարվել հիմնականում կաթ-կաթնամթերք, միս-մսամթերք, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերություններում, ինչպես նաև հանրային սննդի ու իրացման ցանցերի ոլորտում:
«Վերահսկողության արդյունքներով արձանագրվել են անհամապատասխանություններ սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների հետ: Արձանագրվել են պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի վաճառքի, մակնշման, հիգիենայի անհամապատասխանության դեպքեր: Բոլոր դեպքերի առնչությամբ տրվել են հստակ հանձնարարականներ, և հետևողական ենք դրանց կատարման հարցում: Հայտնաբերված թերությունները չշտկած ընկերությունների գործունեությունը կասեցվել է, ոմանց արտադրանքը հանվել է շրջանառությունից և ոչնչացվել: Եղել են անհամապատ ասխանություններ մանրէաբանական շեղումներով, անհամապատասխանություններ՝ սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված»,-ասաց Վահե Դանիելյանը:
Թե ո՞ր ընկերությունների մասին է հատկապես խոսքը, Վահե Դանիելյանը չցանկացավ անուններ տալ: Նրա խոսքով՝ տնտեսավարող սուբյեկտներին տրվում է նաև անհրաժեշտ խորհրդատվություն՝ առկա խախտումները վերացնելու համար:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախատոնական և ետտոնական խիստ վերահսկողություն է իրականացնելու սննդամթերքի իրացման շուկայում, հստակ գրաֆիկով հերթապահություն է սահմանվում դեկտեմբերի 23-ից մինչև hունվարի 8-ը՝ ամենօրյա շրջայցերով: Դրա հետ մեկտեղ գործելու է ծառայության թեժ գիծը՝ 20-60-40 հեռախոսահամարով, որն աշխատելու է շուրջօրյա ռեժիմով:
Խնդիրներ կան սննդամթերք տեղափոխող ավտոմեքենաների հետ կապված: Վահե Դանիելյանը վստահեցրեց, որ ծառայությունը հետամուտ է եղել տվյալ հարցի կարգավորմանը: Կառավարության որոշմամբ արդեն իսկ հաստատվել է, որ այդ տրանսպորտային միջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր: