«Նավթամշակման գործարան, ազատ առևտրի գոտի և երկրորդ գազատար». Արսեն Ղազարյանն ակնկալում է, որ Իրանի ենթակառուցվածքային ծրագրերը կիրականացվեն 2017-2018թթ.

«Հաջողվում է Իրան-Հայաստան գործարար հանդիպումների ընթացքում փոքր բիզնեսից, միջինից բացի, խոշոր իրանցի ներդրողներին Հայաստան մղել»,- այս մասին այսօր Իրան-Հայաստան գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ ներկայացնելով հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

Ղազարյանը նախ՝ հիշեցրեց, որ հայ-իրանական տնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ հայկական կողմն իր աշխատանքները սկսել է շուրջ երկու տարի առաջ: Ըստ նրա՝ առաջին խոշոր հայ-իրանական գործարար ֆորումն անցկացվել է Երևանում երկու տարի առաջ, երբ Իրանի փոխնախագահն այցելեց Երևանում մի խումբ գործարարների հետ, որից հետո երկու անգամ ցուցահանդես-բիզնես ֆորում կազմակերպվեց Թեհրանում, որոնցից մեկն այս տարվա աշնանն էր՝ նպատակ ունենալով իրանական գործընկերներին բացատրել, հասկացնել, ապացուցել, որ ՀՀ-ն փոքր շուկա լինելով՝ շատ լուրջ ներուժ ունեցող գործընկեր է Իրանի ներդրողների համար թե՛ հայկական շուկայում աշխատելու տեսանկյունից, թե՛ հայ գործարարների հետ համատեղ ձեռնարկություններ հիմնելով եվրասիական շուկա, Եվրոպա, ԱՄՆ շուկա դուրս գալու տեսանկյունից:

«Ինչո՞ւ մեր հետ միասին, որովհետև մենք շատ հետաքրքիր իրավական ռեժիմ ունենք, ԵՏՄ-ում լիիրավ անդամ ենք, մեր ապրանքները գնում են առանց մաքսատուրքերի, Եվրոպայում ունենք GSP+, ԱՄՆ-ում ունենք GPP համակարգ: Ինչքան էլ Իրանի նկատմամբ պատժամիջոցները մեղմվեն, որոնք դանդաղ գործընթացի հետևանք են, Իրանը՝ որպես խոշոր շուկա, չի ունենա այս կարգավիճակները, այս ռեժիմները, ինչը Հայաստանին է տրված անցումային երկրի և հարևանության ծրագրով: ՀՀ-ում, ապրանք արտադրելով, մշակելով, փաթեթավորելով, ներուժը շատ մեծ է՝ այլ շուկաներում բարենպաստ մաքսային ու հարկային ռեժիմներից օգտվելով՝ մրցակցել և հաղթել: Մենք սա ենք ցանկանում անել և կարծես թե հաջողվում է այս հանդիպումների ընթացքում փոքր բիզնեսից, միջինից բացի, խոշոր ներդրողներին դեպի Հայաստան մղել»,- ասաց Արսեն Ղազարյանը:

Նա նշեց, որ շատ կարևոր է, որ այսօր Իրանի նախագահի պաշտոնական այցն է Հայաստան, և նրա հետ մոտ 90 գործարարներ են եկել Հայաստան, ինչը, բանախոսի որակմամբ, մեծ քաղաքական ուղերձ է ներդրողների համար՝ Հայաստանի հետ աշխատելու տեսանկյունից: «Մենք՝ որպես ենթակառուցվածք, գործարարություն, պատրաստ ենք, հույս ունեմ, որ 2017-2018 թթ. ենթակառուցվածքային մի քանի ծրագրեր, որ նախատեսում ենք Իրանի հետ, դա նավթամշակման գործարանի կառուցումն է, Մեղրիում ազատ առևտրի գոտին կամ տարածքն է, որ մենք Մեղրիում ցանկանում ենք կառուցել, և վերջապես՝ երկրորդ այլընտրանքային գազատարի կառուցումը, որը Հայաստանի տարանցիկ դերը կմեծացնի տարածաշրջանում:

Մենք շատ ենք կարևորում Իրանի հետ աշխատանքը նաև այն պատճառով, որ 1990-ական թթ. սկզբին Իրանում իրանական հարևանությունը մեզ նպաստեց խուսափել ապրանքային սովից, շրջափակման ծանր տարիներին այլընտրանքային ճանապարհ էր: Մենք ցանկանում ենք արդյունավետ ճանապարհ լինել Իրանից դեպի ԵՏՄ տարածք Եվրոպա, այդ իմաստով՝ տարանցիկ գործառույթներ ենք իրականացնում: Շրջանառության մեջ դրված ԵՏՄ նոր մաքսային օրենսգիրքը բավական հեշտացնում է բեռների կազմակերպումը, և մենք արդեն փորձ ունենք և պատվերներ ենք ստանում Թեհրանից Մոսկվա կամ հակառակը»,- ասաց Ղազարյանը:

Մանրամասնելով երկրորդ գազամուղի կառուցման հարցը, Ղազարյանն ասաց, որ երկրորդ գազամուղի վերաբերյալ բանակցություններ են վարվում, և որքանով իրեն է հայտնի՝ դա օրակարգում դրված հարց է, ավելին, ՀՀ ռազմավարական գործընկերները, մասնավորապես՝ «Գազպրոմն» էլ է մասնակցում բանակցություններին, որովհետև հայաստանյան ենթակառուցվածքի սեփականատերն է:

Տեսանյութեր

Լրահոս