Պաշտոնական Անկարան դեսպան Կառլովի սպանության համար մեղադրում է գյուլենականներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցում Չավուշօղլուն համոզմունք է հայտնել, որ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետևում կանգնած են գյուլենականները:

Հեռախոսազրույցի ընթացքում դիվանագետները քննարկել են Մոսկվայում եռակողմ` Թուրքիա-Ռուսաստան-Իրան հանդիպման արդյունքները: Խոսվել է նաև կիպրական հարցից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Նա  վանկարկել է «Ալլահ-ու աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա ևս սպանվել է թուրք իրավապահների կողմից:

Տեսանյութեր

Լրահոս