300-ից ավելի հիվանդների առողջությունը «վտանգի տակ է»
«300-ից ավելի հիվանդների առողջությունը վտանգի տակ է»,- «168 ժամի» հետ զրույցում ահազանգեց «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թուխիկյանը։ Օրերս Կ. Թուխիկյանը հրավիրված ասուլիսի ժամանակ պատմել էր, որ հոգեկան խնդիրներով տառապող շահառուներին մատակարարվում էր որակյալ դեղ, սակայն այդ դեղի մատակարարումը փորձում են կասեցնել 2017 թվականին։ Խոսքը «Զիպրեքսա» դեղի մասին է, որի ընդունումից հետո, Կ. Թուխիկյանի հավաստիացմամբ, շատ հիվանդներ կարողացել են վերադառնալ լիարժեք կյանքի։ Այժմ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է դադարեցնել այդ դեղի մատակարարումը` պատճառաբանելով, որ «թանկ է»։
Հոգեկան խնդիրներով տառապող շահառուների հարազատները և հասարակական կազմակերպության նախագահը մի քանի անգամ դիմել էին նախարարությանը, որտեղից նրանց վերջին անգամ հայտնել են, որ մինչև դեկտեմբերի 15-ը կպատասխանեն։ Մեզ հետ զրույցում Կ. Թուխիկյանն ասաց, որ դեռ ոչ մի արձագանք չունեն ոչ մի տեղից. «Հոկտեմբերի 28-ից մենք սկսել ենք մեր դիմումները, պայքարները, ոչ մի տեղից ոչ մի պատասխան չունենք առ այսօր։ Ես այսօր նորից վարչապետի խորհրդական Գևորգ Մուրադյանին գրեցի, որ` միգուցե կպատասխանե՞ք, թե ով, որտեղ, որ կառույցում ինչպիսի աշխատանքներ է տանում, և մեր շահառուներին ի՞նչ պատասխան կարող եմ ես փոխանցել»։
Կ. Թուխիկյանի համար անհասկանալի է այս լռության պատճառը. «Կա՛մ իրենք թյուր ինֆորմացիա ունեն, թե ինչ է մեզ մոտ կատարվել, կա՛մ իրենք իսկապես ուսումնասիրություններ են անում, բայց կարող էր գոնե որևէ մեկը նախարարությունից զանգահարել մի հարցով, պատասխաներ, որպեսզի մենք իմանայինք` ինչի վրա ենք կանգնած, որ մի կետում է կանգնած այդ գործընթացը, բայց այսպիսի մեծ արհամարհանք այս խնդրին` երբեք չէինք մտածում։ Մենք արդեն չգիտենք` այսքան բանից հետո ում դիմենք, որպեսզի հասկանանք, թե որ էտապում են իրենց ուսումնասիրությունները»։
Կ. Թուխիկյանը վստահեցնում է, որ «Զիպրեքսա» դեղը, որը փորձում են ներկայացնել` որպես թանկ դեղ, և հենց դրանով պատճառաբանել դրա մատակարարման դադարեցումը, իրականում թանկ չէ` 10 միլիգրամանոցն արժե ընդամենը 1.150 դրամ` 2.3 դոլար, այնինչ նախարարը հայտարարել է, որ այն արժե 10 դոլար։ Մեր այն հարցին` եթե, ի վերջո, այս խնդրին լուծում չտրվի, ի՞նչ քայլերի են դիմելու հիվանդների հարազատները, Կ. Թուխիկյանը պատասխանեց, որ իրենք ամեն քայլի պատրաստ են. «Մենք ամեն ինչի պատրաստ ենք, պատրաստ ենք նույնիսկ երթի դուրս գալ, «Բաղրամյան 26» գնալ, որովհետև մեր շահառուները և իրենց հարազատներն արդեն պատրաստ են ամեն ինչի։ Իրենք դեռ հույսները կապում են, որ մինչև փետրվարի 10-ը այդ դեղը կմատակարարվի, բայց կարծում եմ, որ մինչև տարվա վերջ պետք է լուծվեր այդ հարցը, որպեսզի իմանան, թե ինչպիսի ներդրումներ են անում։ Մեզ լուրեր են հասել, որ իրենք արդեն ուզում են մշտադիտարկման մի միջոցառում կազմակերպեն, թե այս դեղերն ուր են հասել։ Բավական է` անորակ, կավիճ դեղերով հիվանդներին դարձնել փորձադաշտ։ Չի կարելի այս հարցը թողնել բախտի քմահաճույքին։ Մեկնումեկը պետք է մեզ պատասխանի, շահառուներն անընդհատ մեզ զանգահարում են»։
Առողջապահության նախարարի` մամուլի հարցերով օգնական Սաթենիկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ դեղը` «Զիպրեքսան», որը հիվանդները ստանում են, մինչև փետրվարի 20-ը հնարավորություն ունեն ստանալու. «Այս պահին քննարկումներ են ընթանում մի շարք մասնագետների մասնակցությամբ, որպեսզի հասկանանք այդ դեղի շարունակելու անհրաժեշտությունը, գնային քաղաքականությունը։ Այդ դեղը բավականին թանկ է, ու շատ քիչ քանակությամբ մարդիկ են այդ դեղն օգտագործում, այնպես չէ, որ Հայաստանի բոլոր հիվանդներն այդ դեղն են օգտագործում։
Մարդիկ ուրիշ դեղեր են օգտագործում, իրենց կյանքի որակի վրա դա ոչ մի ձևով չի անդրադառնում, բոլորը նորմալ գրանցված, տարբեր երկրների արտադրությամբ դեղեր են` Հայաստանում գրանցված։ Հիմա համապատասխան մասնագիտական խմբերն աշխատում են, որպեսզի իրենց բարձրացրած հարցը լսելի լինի»։
Մեր դիտարկմանը, թե Կ. Թուխիկյանը վստահեցնում է, որ այդ դեղը թանկ չէ, դրա գինը այն չէ, ինչ նախարարությունն է ներկայացնում` Ս. Մկրտչյանն այսպես պատասխանեց. «Այնքան է, որքան ֆիքսված գներ գոյություն ունեն դեղատներում, այնքան է, որքան ներկայացվում է»։ Ս. Մկրտչյանի խոսքով` որևէ հատուկ ներգործություն այդ դեղը չունի, ունի նույն ներգործությունը, նույն ազդեցությունը, ինչ այն մի քանի այլ դեղերը, որոնք գրանցված են Հայաստանում։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ որպես շահագրգիռ կողմ` նրանց չեն տեղեկացնում ուսումնասիրությունների ընթացքի մասին, Ս. Մկրտչյանը պատասխանեց, որ իրենք պարբերաբար տեղեկացնում են այդ մասին. «Իրենք նույնիսկ եկել են նախարարություն, հանդիպում են ունեցել մեր աշխատակազմի ղեկավարի հետ»։
Մեր դիտարկմանը, թե շահառուները նախարարի հետ են ուզում հանդիպել` Ս. Մկրտչյանն այսպես պատասխանեց. «Իսկ դուք փորձե՞լ եք ճշտել` ինչո՞ւ են իրենք ուզում հենց այդ դեղը ստանալ»։ Մենք պատասխանեցինք, որ նրանք հավաստիացնում են, որ շատ մեծ ազդեցություն է ունենում այդ դեղն իրենց հիվանդների առողջական վիճակի մասով, հիվանդների հարազատներն էլ ասում են, որ նախկինում ընդունած դեղերը որևէ ազդեցություն չեն ունեցել։
«Չի կարելի արտադրողի նկատմամբ նման բան ասել։ Ի՞նչ իրավունք ունեն իրենք այլ պրեպարատի մասին նման բան ասել։ Ինչո՞ւ հազարավոր հիվանդներ, որոնք այլ պրեպարատներ են օգտագործում, չեն բարձրաձայնում այդ հարցը, այդ մի քանի մարդու մասին է խոսքը, այդ մի քանի մարդու վրա է դա ազդում»,- արձագանքեց նախարարության աշխատակիցը։
«168 Ժամ» թերթ