«Այս իրավունքը ստանալով՝ վաղը կարող են դրա տակ ինչ ասես գրել». Թևան Պողոսյանը` գաղտնի գնումների մասին
«Մինչև հիմա ընդունելի տարբերակ էի համարում միայն իրենց անվտանգության երաշխիքներ ապահովելու հարցերը գաղտնի պահելը, բայց դրանից հետո ես չեմ կարողանում հասկանալ: Եթե շատ երկրներ, որոնք ունեն ավելի մեծ մարտահրավերներ, կարողանում են իրենց այդ տեղեկությունները բաց պահել, ի՞նչն է եղել մեր խնդիրը: Այստեղ մեծ անհասկանալիության խնդիր կա, թե ինչո՞ւ պետք է գնումները լինեն գաղտնի: Կա անվտանգության ինչ-որ դաշտ, որի գաղտնիությունը կարող եմ ընդունելի համարել և հասկանալ, թե ինչու պետք է փակ լինի, բայց, օրինակ, թե ինչո՞ւ պետք է փակ լինի իրենց աշխատակազմերի ծախսերը, կամ թե ինչ-որ տեղ մեկնելն ի՞նչ գնով է նստում մեր հարկատուների հաշվին… Դրա գաղտնիքը ո՞րն է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը` մեկնաբանելով այսօր ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված «Գնումների մասին» օրենքի նախագիծը, որով ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային ծախսերը գաղտնի են սահմանվել:
Նա ընդգծեց, որ պետք էր շատ մանրակրկիտ հասկանալ, թե որ ծախսերն են անվտանգության հետ կապված, որ կարելի է գաղտնի պահել, բայց այնուամենայնիվ, ունենալ հնարավորություն որևէ հանձնաժողովում, ինչպիսին են ԱԺ Պաշտպանության, կամ Պետաիրավական, կամ Ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովները, փակ մասով ներկայացնելու, որ առնվազն մարդիկ հանգիստ լինեն, որ ԱԺ-ն ունի վերահսկողական իր լծակները, և սրանք քննարկման խնդիր պետք է լինեն: Սակայն, ըստ պատգամավորի, մեծամասնությամբ իրենց ծախսային խնդիրները պետք է լինեին բաց:
Մեր դիտարկմանը` այսինքն, սա չհիմնավորված մեծ ծախսերը թաքցնելու նպատա՞կ է հետապնդում, Թ.Պողոսյանը պատասխանեց. «Չգիտեմ և իրականում չեմ կարող պատկերացնել, թե ի՞նչ են անելու, որովհետև այս իրավունքը ստանալով՝ վաղը կարող են դրա տակ ինչ ասես գրել»:
«Հուսամ, որ գիտակցումը, որ պառլամենտական երկիր ենք դառնում, և պառլամենտը պետք է ավելի մեծ վերահսկողություն ունենա, քանի որ միակ առաջնային մանդատ ունեցողն է լինելու, այնուամենայնիվ, այս հարցերին նորից անդրադարձ կլինի, և այնտեղ այլ վարքագիծ կցուցաբերվի` փոփոխելով այն խնդիրը, թե ինչպես կարող են նման հարցերը վերահսկողության աստիճան չունենալ, կամ որոնք են լինելու այդ ցուցակի մեջ ծախսերը, որոնք ինչ-որ չափով բաց և թափանցիկ են լինելու, ինչ-որ մասը շատ նեղ անվտանգության խնդիրների հետ կապված` գաղտնի, բայց համապատասխան տեղում՝ անպայման վերահսկողության ենթակա»,- հավելեց Թ.Պողոսյանը: