Վատ նախադեպ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանվածության առաջին մակարդակն իրավապահ մարմինների՝ ոստիկանության, դատախազության, Քննչական կոմիտեի հետ հարաբերությունների դաշտում է։ Եթե համազգեստ հագած մարդը երկրում ոչ թե վախի, ատելության, հակադրվելու, բռնության, անօրինականության հետ է ասոցացվում, այլ օրինականության, սեփական անձի ապահովության զգացումի, կնշանակի իրավապահներն իրենց բարձրության վրա են, օրենքը գործում է, եւ քաղաքացին պաշտպանված է իր երկրում։
Նորմալ երկրներում ոստիկան տեսնելիս մարդիկ հանդարտվում են՝ ավելի ապահով զգում իրենց։ Գիտեն, որ տվյալ տարածքում ոչ ոք չի կարող խուլիգանություն անել, սպառնալ իրենց անվտանգությանը։ Ահա օրենքի պահապանները, կդիմեն նրանց, եւ նա կկասեցնի հանրությանն սպառնացող վտանգը։ Մեզանում, ցավոք, ճիշտ հակառակն է՝ ոստիկանների ներկայությունը միայն դիսկոմֆորտ, տհաճության զգացում, բռնության հեռանկար է խոստանում։ Էլ չեմ խոսում դատավորների, դատախազների, քննիչների, անվտանգության աշխատակիցների մասին։
Օրերս ԱԱԾ մի աշխատակից որոշել էր, որ կարող է զանգել հայտնի երաժիշտ Վահան Արծրունուն եւ հրավիրել «զրույցի»։ Չէր բարեհաճել ծանուցագիր ուղարկել, չէր հիմնավորել իր հրավերը, որեւէ քրեական գործի շրջանակներում չէր կանչել, նպատակահարմար չէր գտել արձանագրել այդ «զրույցը», պարզապես չարաշահել էր իր պաշտոնական դիրքը եւ վարվել այնպես, ինչպես սովորաբար վարվում են շարքային քաղաքացիների հետ։
Հավանաբար, չէր պատկերացրել, որ Արծրունին կբարձրաձայնի, լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպություններն աղմուկ կբարձրացնեն, եւ կբացահայտվի այս կառույցի աշխատաոճը»:
ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: