«Ռուսաստանը փորձում է անվստահություն ստեղծել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում»

«Ալեքսեյ Պուշկովի արած հայտարարությունը երկու դրդապատճառ ունի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը` մեկնաբանելով Ալեքսեյ Պուշկովի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի տեղեկատվության քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն օրերս նշել էր, թե հայ-ռուսական միացյալ զորախումբը խնդիրներ չի ստեղծում Ադրբեջանի համար։ Ավելին, նա հստակեցրել էր, որ զորախմբի ստեղծումը խելամիտ քայլ է, քանի որ Հայաստանը սահմանակցում է մի երկրի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է։
Կայծ Մինասյանը փորձեց բացատրել Պուշկովի հայտարարության բուն նպատակը։ Ըստ նրա, նման հայտարարությամբ հանդես գալու առաջին դրդապատճառը Թուրքիայի հակասական քաղաքականությունն է Սիրիայում։

«Պարզ է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև քաղաքական ճգնաժամն ավարտվեց, ռուսները և թուրքերը սկսեցին համագործակցել, սակայն ռուսները միևնույն ժամանակ հասկանում են, որ Սիրիայի հարցում թուրքերը երկու խաղ են խաղում, այսինքն` մի կողմից` «Իսլամական պետության» դեմ են պայքարում, մյուս կողմից` ցանկանում են տապալել Բաշար ալ Ասադի իշխանությանը։ Սա մտահոգում է ռուսներին, թուրքական այս հակասական քաղաքականության վառ ապացույցն էր նաև օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունը Բաշար ալ Ասադի դեմ, ուստի ռուսները փորձում են ցույց տալ, որ Ռուսաստանը, ինչպես նաև Հայաստանը, դեմ է Թուրքիայի այդ քաղաքականությանը և այդ հայտարարությանը»,- նման կարծիք հայտնեց Մինասյանը։

Երկրորդ դրդապատճառը, ֆրանսաբնակ վերլուծաբանի խոսքով, կապված է ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունների հետ։ «Ռուսաստանն այդպես էլ չընդունեց Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները։ Նման հայտարարությամբ ռուսները փորձում են դժվար վիճակի մեջ գցել Հայաստանին ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունների հարցում, քանի որ չեն ընդունում այդ հարաբերությունների զարգացումը, ուստի փորձում են անվստահություն ստեղծել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում։ Ռուսաստանը ստիպված էր բացատրել, թե ինչու է նման զորախումբ ստեղծում, և նման հայտարարությամբ խնդիր լուծեցին իրենց համար, իրենց երկակի խաղն առաջ մղեցին»,- ասաց Մինասյանը։

Կայծ Մինասյանը չի գտնում, որ ՀՀ իշխանությունները պետք է անդրադառնան տվյալ հայտարարությանը և պարզաբանումներ մտցնեն։ Ըստ նրա` ՆԱՏՕ-ի մյուս բոլոր անդամ երկրները շատ լավ գիտեն, որ Թուրքիայի ՆԱՏՕ անդամակցությունը կասկածի տակ է, այս հարցում բավականին լուրջ անվստահություն կա, ուստի անհրաժեշտ չէ պարզաբանումներ ներկայացնել ՆԱՏՕ-ին։

«Պարզաբանել այս հարցը` նշանակում է` ռուսների խաղի մեջ մտնել, այնինչ ՀՀ իշխանությունները սովորաբար անիմաստ հարցերի առնչությամբ պարզաբանումներ չեն տալիս։ Սա ճիշտ քաղաքականություն է»,- նշեց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս