Հալեպի մասամբ ազատագրումը՝ նոր հանգրվան սիրիական թնջուկում. Ինչ է սպասվում հայ համայնքին

Սիրիայի իշխանություններն, արևմտյան, ռուսական և սիրիական լրատվամիջոցները դեկտեմբերի 13-ը պատմական օր որակեցին շուրջ 6 տարի շարունակվող սիրիական պատերազմի համար։ Անմիջապես նույն օրը Սիրիայի իշխանությունները նույնիսկ հայտնեցին, որ Հալեպն ամբողջությամբ զինյալ խմբավորումների վերահսկողությունից ազատագրվել է, իսկ զինյալների՝ քաղաքում մնացած մասը համաձայնել է վայր դնել զենքերը և հեռանալ։ Հալեպի հայալեզու «Գանձասար» թերթը ևս տեղեկություն էր տարածել.

«Այսօր պատմական օր է Հալեպի և ողջ Սիրիայի համար: Հարգանք՝ բոլոր նահատակներին, պատիվ՝ սիրիական բանակին և Հալեպի տոկացող ժողովրդին»։

Ըստ միջազգային ԶԼՄ-ների, սիրիական բանակը և աշխարհազորայինները դուրս են մղել զինյալներին իրենց վերջին հանգրվանից՝ Ֆիրդուս թաղամասից, որի արդյունքում ներկայում քաղաքի արևելյան թաղամասը վերահսկում է Սիրիական բանակը: Թեև Հալեպի ազատագրումը սիրիական և ռուսական բանակների, նրանց աջակից ուժերի մշակված գործողությունների արդյունքն էր, այն, ըստ մի շարք միջազգայնագետների, ամենևին էլ սիրիական հակամարտության ավարտ չի կանխորոշում, քանի որ Հալեպի ազատագրմանը զուգահեռ՝ մեկ այլ հաղթանակ գրանցեց «Իսլամական պետությունը»՝ վերանվաճելով Պալմիրան, ինչը Բաշար ալ Ասադը որակեց՝ որպես սիրիական բանակի առաջխաղացումը կասեցնելու փորձ։

Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Վերապատվելի Հարություն Սելիմյանը «168 Ժամի» հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ տեղի ունեցավ Հալեպում, և որքանով դա կարևոր հանգրվան կդառնա սիրիական թնջուկի կարգավորման գործընթացում։ Նրա որակմամբ, ընդհանուր առմամբ, սիրիական հակամարտությունը շարունակվում է, ավելին, երբեմն այնպիսի ուժգնությամբ, այնպիսի ազդանշաններով, որ նորանոր վայրագությունների վտանգ է նկատվում, որովհետև ԱՄՆ-ը նոր որոշում է կայացրել այն մասին, որ իրենք հետևելու են, որպեսզի զինյալ ընդդիմությունը, հատկապես՝ Հալեպի շրջակայքում, խաղաղ կերպով լքի Հալեպը։

Harutyun Selimyan

«ԶԼՄ-ները ժամանակից առաջ ընկան՝ տեղեկություններ տարածելով, թե Հալեպն ազատագրվել է, իսկ իրականում Հալեպը դեռ չի ազատագրվել, Հալեպում մի չափազանց մեծ կարևորություն ունեցող ռազմավարական կետ կա, որը գտնվում է Արևելյան և Արևմտյան Հալեպի սահմանի վրա՝ Արևելյան Հալեպի մոտ, դա ևս պետք է ազատագրվի և միանա Արևմտյան Հալեպին։ Շուրջ մեկ կիլոմետր այս տարածքը զինյալների վերահսկողության տակ է, զինյալ ընդդիմությունը տարբեր տեղերից այդ հատվածում է համախմբվել։

Սկզբունքորեն նախատեսվում էր, որ գիշերը նրանք հանձնվեին իշխանությանը և կարճ ճանապարհով տեղափոխվեին Իդլիբ, որը ևս զինյալների վերահսկողության տակ է, բայց, ըստ երևույթին, համաձայնություն չգրանցվեց այս հարցում, և զինյալները, ահաբեկիչներն այդ շրջաններում են, ինչը դեռ նշանակում է, որ Արևմտյան Հալեպի շրջակայքը հրթիռակոծման թիրախ կարող է լինել։ Քիչ առաջ հսկայական հրթիռներ ընկան Արևմտյան Հալեպի վրա, և բավական զոհեր եղան։ Այսինքն՝ եղան ժամանակավրեպ հայտարարություններ և՛ Սիրիայի, և՛ արևմտյան ԶԼՄ-ների կողմից ինչ-ինչ պատճառներով»,- ասաց Սելիմյանը։

Վերջինիս խոսքով, ըստ երևույթին, մեծ պետությունների շահերը չէին համընկնում Հալեպի պատերազմի դադարեցման այս սցենարի շուրջ, իրենք երբեք չէին ցանկանա, որպեսզի Հալեպի պատերազմը դադարեր այս կերպ, որովհետև սա ենթադրում է իրենց պարտությունը։ «Կարծում եմ, որ անպայմանորեն խոչընդոտներ կլինեն, ուստի անակնկալ զարգացումներ կառաջանան։ Անշուշտ, միևնույն ժամանակ պետք է ասենք, որ համագործակցությունը, որը ծավալվում է Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի միջև, եթե շարունակի արձանագրել ռազմավարական առաջխաղացում, անպայմանորեն վաղ թե ուշ կայուն իրավիճակ կստեղծի։ Այդ պարագայում կարծում եմ, որ Սիրիայի տարբեր շրջաններում ազատագրության ներկայիս տարբերակը կօգտագործվի ահաբեկիչներին հեռացնելու համար։

Բայց նրանք արդեն Պալմիրայում են տեղավորվել, դա հստակ քաղաքական նպատակ ունի, զինյալները ցանկանում են գրավված տարածք ունենալ, պահպանել իրենց վերահսկողությունը, որպեսզի իրենց վարկանիշը վերջնականապես չընկնի ԶԼՄ-ներում, ցանկանում են նոր զարգացումներ, նոր հաղթանակներ արձանագրել, որի նպատակով շարժվեցին դեպի Պալմիրա և իրենց ամբողջ ուժը կենտրոնացրին այնտեղ»,- ասաց նա։ Սելիմյանը նաև պարզաբանեց, որ Հալեպի ազատագրումը նույնիսկ չի նշանակում պատերազմի ավարտ, ազատագրումը մեկ այլ բան է, պատերազմի դադարեցումը՝ մեկ այլ, այս պահին հնարավոր չէ ասել, որ պատերազմը պետք է վերջանա կամ դադարի։ «Շփոթություն է առաջացել։ Հալեպը չի ազատագրվել, հաղթանակ է, իհարկե, երբ տարածքի 95%-ը վերադարձվում է սիրիական բանակին»,- հստակեցրեց Սելիմյանը։

Սիրիայի «Ալխաբար» կայանի գործադիր տնօրեն, քաղաքական լուրերի պատասխանատու, քաղաքական վերլուծաբան Սարգիս Քասարջյանը տեղի ունեցածի վերաբերյալ ավելի լավատեսական կարծիք ունի։ Նա ուրախությամբ նշեց, որ Հալեպում պատերազմը, որը սկսվել էր 2012թ. հունիս ամսին, երբ ընդդիմադիրները մուտք գործեցին քաղաք, իր վերջին հանգրվանում է։ «Ընդդիմադիրների տիրապետության տակ քաղաքի մի չափազանց փոքր մասն է։ Երեկ գիշեր համաձայնություն էր կնքվել Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի միջև այդ հատվածի զինյալներին դուրս բերելու առնչությամբ, սակայն համաձայնությունը չգործեց, որովհետև զինյալները նախ առավոտ կանուխ փորձեցին նոր շրջաններ գրավել, և սիրիական պետությունը ևս իր ստանձնած պարտավորությունները չկատարեց։ Ներկայումս 24-ժամյա հրադադարից հետո կրկին սկսվեցին գործողություններ ազատագրման համար։ Կարծում եմ, որ բանակցությունները կշարունակվեն, բայց առաջիկա ժամերի ընթացքում ծայրահեղականները կընդունեն պայմանները և կլքեն քաղաքը, այլապես պետք է գործողությունները շարունակվեն, որի արդյունքում նրանք կամ կսպանվեն, կամ կձերբակալվեն։ Հալեպում վերջնական փուլում է իրավիճակը»,- նման կարծիք հայտնեց Քասարջյանը։

Sargis Qasarjyan1

Վերջինիս գնահատմամբ, այսօր սիրիական պետության դիրքերը բավականին ամուր են, պետությունը հանգիստ վիճակում է։ Ըստ Քասարջյանի, ռուս-թուրքական համաձայնությունը և Թուրքիայի քաղաքական և տնտեսական ծանր իրավիճակը պատճառ է, որպեսզի Թուրքիան ավելի քիչ չափով աջակցություն ցուցաբերի ծայրահեղ իսլամական խմբավորումներին, իսկ միջազգային առումով, Թրամփի քաղաքականության համաձայն, ԱՄՆ-ը ավելի պակաս ներգրավվածություն կցուցաբերի այլ երկրների ներքին հարցերում, Եվրոպական միությունն ունի իր ներքին քաղաքական հարցերը։ «Այս պայմաններում սիրիական պետության համար համար ամենահանգիստ փուլն է, որի ընթացքում նա կարող է և՛ քաղաքական, և՛ ռազմական հաղթանակ գրանցել»,- պնդեց Քասարջյանը։

Անդրադառնալով հայ համայնքին՝ վերապատվելի Սելիմյանն ասաց, որ այս իրավիճակում Հալեպի հայ համայնքն ավելի հանգիստ օրեր է ապրում։ «Մշակութային, կրթական գործունեությունը հնարավորինս շարունակվում է, տոնական օրերն են մոտենում, ամեն համայնք, եկեղեցի, ակումբ անպայմանորեն Սուրբ Ծննդյան օրերին, Ամանորի հետ կապված՝ իր սեփական աշակերտական, հանրային գործունեության սցենարներն ունի և հայտարարություններ է տարածել։ Մեր խանդավառությունը բարձր է, կենսունակություն հաստատելու վճռականություն կա, այդ իմաստով դրական է։ Նրանք, ովքեր վերջին օրերին մտադիր էին լքել Հալեպը և ուղևորվել հայրենիք, իրենց որոշումը մի կողմ են դրել և որոշել մնալ Հալեպում»,- ասաց նա։

Իսկ Քասարջյանի խոսքով, հայ համայնքի համար հիմնական կարևորությունն այն է, որ քաղաքը կրկին կվերադառնա իր խաղաղ իրավիճակին։ «Դա նշանակում է՝ առօրյա մահվան վտանգի վերջնական վերացում, քաղաքի խաղաղությունը նշանակում է, որ տնտեսական պայմանները կվերականգնվեն ժամանակի ընթացքում, հայերը կանցնեն իրենց շինարարական, արտադրական գործունեությանը՝ անցնելով իրենց բնականոն առօրյային։ Անշուշտ, ընդհանուր առմամբ, Հալեպը կրկին սիրիական պետության վերահսկողության տակ պահելը նշանակում է, որ երկրում ամենակարևոր քաղաքը պետության տիրապետության տակ է, դա սիմվոլիկ նշանակություն ունի»,- ասաց Սարգիս Քասարջյանը։

Տեսանյութեր

Լրահոս