«Ստացվում է, որ ով մինչև հիմա արել է այս հանցանքը՝ ազատվում է պատժից». Լևոն Զուրաբյանը քաղաքական մոտիվներ է տեսնում

«Ինչո՞ւ է այս օրենքն ուժի մեջ մտնում 2017 թվականի հունիսի 1-ից, ինչո՞ւ չի կարող՝ ստանդարտ, ստորագրվելուց հետո մտնի ուժի մեջ, կարծում եմ՝ այստեղ թաքնված են քաղաքական մոտիվներ, միգուցե ընտրություններից առաջ ուզում եք խուսափեք հնարավոր գործընթացների բացահայտումներից»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որը վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվություն սահմանելուն։

«Ժամանակին, երբ Հայ ազգային կոնգրեսը ներկայացրեց Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների անհամատասխանության խնդիրը, Դատախազությունը մեզ պատասխանեց, որ այստեղ հանցակազմ չկա: Հիմա ստացվում է, որ արդեն Դատախազությունը ստիպված կլինի  ընդունել, որ հանցակազմ կա։ Բայց քանի որ ասում եք, որ հետադարձ ուժ գոյություն չունի, ապա, ըստ Սահմանադրության՝ չի կարող գործել նախկին դեպքերի համար։ Կարծում ենք, որ կարելի է հետադարձ ազդեցության ուրիշ մեխանիզմներ գտնել։ Ինչո՞ւ չէր կարելի նախատեսել, օրինակ, Քրդատում փոփոխություն, որ, երբ հաստատվում է, որ հանցանքը կատարվել է այն ժամանակ, երբ դեռ հանցանք սահմանված չի եղել, դա հիմք է դատախազի համար անմիջապես գործ հարուցելու, քննելու այլ չարաշահումների գծով։ Ստացվում է, որ ով մինչև հիմա արել է այս հանցանքը, նա ազատվում է պատժից»,- դիմելով հիմնական զեկուցող, ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ հարցրեց Լ. Զուրաբյանը։

Անդրադառնալով օրենքի ուժի մտնելու ժամկետի հետ կապված հարցին՝ նախարարն ասաց, որ այստեղ քաղաքական մոտիվացիա չկա.

«Ինձ համար հասկանալի է, որ դուք իրավունք ունեք դրան տալ տարատեսակ մեկնաբանություններ, բայց ես դրան կտամ այն մեկնաբանությունը, որն իրականում դրա տակ դրված է։ Այստեղ բացարձակապես քաղաքական մոտիվացիա չի հետապնդվում և չկա։ Պատճառն այն է, որ մենք ունենք մի քանի օրինագծեր, որոնք սպասարկող են ապօրինի հարստացմանը։ Կան գործիքներ, որոնք սրա հետ աշխատելու են՝ որպես սպասարկող գործիքներ։ Այն մարմինները, որ նաև պետք է այդ հայտարարագրերի վերլուծությունն անեն, այդ գործիքները պետք է ունենան, պետք է աշխատակազմ ձևավորվի, պետք է սկսի աշխատել։ Այդ գործընթացը պետք է իրականանա»։

Խոսելով Լ. Զուրաբյանի հաջորդ հարցի մասին, որը վերաբերում էր նախորդ դեպքերը քրեականացնելու մեխանիզմներ ստեղծելուն, նախարարն ասաց, որ այս օրենքը դրան չի վերաբերում, բայց մյուս հոդվածներով կարող են քրեական գործեր հարուցվել։

Տեսանյութեր

Լրահոս