«Նորություն չէ, որ այդ օրերին ես մինչև վերջ պաշտպանեցի Գագիկ Ծառուկյանին». Գառնիկ Իսագուլյան
«Ես ողջունում եմ ցանկացած միջոցառում, որն ուղղված է գալիք ընտրություններին նախապատրաստվելու, ակտիվ մասնակցելու և հնարավորինս շատ ձայներ տանելու համար, եթե դրանք կառուցվում են առողջ տրամաբանությամբ, պետականաշինության տրամանաբությամբ, առողջ քննադատությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով երեք ընդդիմադիր կուսակցությունների՝ «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան», միացյալ դաշինքին, որի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է դեկտեմբերի 12-ին, ասաց ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով՝ ողջունելի է այն, որ միավորվում են, ընդհանուր հայտարարի գալիս, որ կկարողանան պայքարել ընտրությունների ժամանակ:
Հարցին՝ իրեն տեսնո՞ւմ է քաղաքական պայքարի մեջ, նա այսպես պատասխանեց.
«Ես առայժմ ԼՂՀ պաշտոնյա եմ, ուշադիր հետևում եմ Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին, և իմ որոշումը կայացնելուց հետո անպայման դրա մասին տեղյակ կպահեմ»:
Անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին խոսակցություններին, նա ասաց, որ ցանկացած մեկի վերադարձը, գործունեությունը քաղաքական դաշտում ողջունելի է.
«Եթե այդ պայքարը՝ հանուն իշխանության և իշխանությունների դեմ, չի վերածվում պետականության ու պետության դեմ պայքարի»:
Լրագրողները խնդրեցին մեկնաբանել, թե ի՞նչ է նկատի ունեցել Գ. Իսագուլյանը, երբ ասել է.
«Փետրվարի 12-ից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հայտարարեին, որ իրենք ևս Գագիկ Ծառուկյան են»: Իսագուլյանը պարզաբանեց, որ փետրվարյան դեպքերից անմիջապես հետո հայտարարել է, որ իր աջակցության հիմնական պատճառը ոչ թե քաղաքական ուժերն են, այլ Գագիկ Ծառուկյանը.
«Այդ օրերին բոլորս շատ լավ հիշում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը հանրապետության նախագահին, վերջին խորհրդակցությունը, որին Րաֆֆի Հովհաննիսյանը չմասնակցեց: Մինչև այդ բոլորը պատրաստ էին՝ հնարավոր փոփոխությունների դեպքում ունենալ մաքսիմում շահ, իսկ երբ արդեն գալիս էր բավականին լուրջ շրջան, և անհրաժեշտ էր պատասխանատվություն ստանձնել, Ծառուկյանը մնաց բացարձակ մենակ: Նույնիսկ Ծառուկյանի թիմակիցներն այդ պահին նրան չաջակցեցին: Նորություն չէ, որ այդ օրերին ես մինչև վերջ պաշտպանեցի Գագիկ Ծառուկյանին, և դա եմ նկատի ունեցել, որ նույնիսկ ամենամտերիմները վախենում էին հարցազրույց տալ, այդ երևույթին հստակ գնահատականներ տալ ու կանգնել նրա կողքին»: