
Հայաստանում կենսաթոշակ ստանալու իրավունք ունի 463 հազար 838 անձ

Հայաստանում այս տարվա դեկտեմբերի 13-ի դրությամբ կենսաթոշակ ստանալու իրավունք ունի 463 հազար 838 անձ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը:
Տարիքային կենսաթոշակ է ստանում 307 հազար 598, հաշմանդամության կենսաթոշակ` 128 հազար 377, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ` 9 հազար 972, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ` 2 հազար 541, երկարամյա ծառայության կենսաթոշակ` 740, մասնակի կենսաթոշակ` 14 հազար 610 անձ:
2016 թվականի հունվար-դեկտեմբերին մայրության նպաստ է նշանակվել շուրջ 26 հազար 500 անձի, իսկ երեխայի ծննդյան միանվագ նպաստ` շուրջ 41 հազար 800 անձի: 2016 թվականին ծառայության միջոցով հանրությանը վճարվել է 308 մլրդ 800 մլն դրամ:
«Հաջորդ տարվա բյուջեով ավելացումներ նախատեսված չեն, հատկացումները կլինեն 310 մլրդ դրամի չափով: Ավելացումներ չեն լինի, որովհետև 2017 թվականի համար կենսաթոշակների, նպաստների բարձրացումներ նախատեսված չեն»,-ասաց Սմբատ Սաիյանը: