«Մարդը պետք է ընտրի՝ ինքը պաշտոնյա՞ է, թե՞ լոմբարդի աշխատող կամ վաշխառու». Նաիրա Զոհրաբյան
«Նախագիծը լավն է, գործելո՞ւ է, ոչ»,- այսօր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ օրինագիծը վերաբերում է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնելուն։
Ըստ Ն. Զոհրաբյանի, նախագիծը չի գործելու, քանի որ այդ դեպքում էլ ընդլայնվելու է տվյալ պաշտոնյայի բարեկամների շրջանակները, և պարզվելու է, որ մեծահարուստ պաշտոնյան սնանկ է, իսկ նրա տան աշխատողը՝ միլիարդատեր։
Ն. Զոհրաբյանը միջազգային փորձն է ուսումնասիրել, և ըստ նրա՝ հատուկենտ երկրներում է, որ գործել է. «Հարցս վերաբերում է մեր պաշտոնյաների հայտարարագրերում հիմնական տրենդը դարձած փոխառություններին։ Մեր բոլոր պաշտոնյաների գերակշիռ մեծամասնությունը տոկոսով փող տվող են։ Այսինքն՝ իրենք անօրինական եկամուտը փորձում են լեգիտիմացնել տոկոսով փող տալով։ Չե՞ք կարծում, որ պաշտոնյան ընդհանրապես պետք է իրավունք չունենա տոկոսով փող տալու, պետք է ընտրի՝ ինքը պաշտոնյա՞ է, թե՞ լոմբարդի աշխատող կամ վաշխառու։ Ում հարցնում ես, ասում է՝ իմ հարստությունը հալալ քրտինքով է, էսքան հալալ քրտինք այստեղ որտեղի՞ց, էդ էլ որևէ կերպ չենք կարողանում պարզել։ Սա նաև որպես առաջարկ ընդունեք»:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը չհամաձայնեց Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած որոշ գնահատականների հետ։ Նա նշեց, որ նախագիծը նաև համարում է պրևենտիվ նշանակություն ունեցող, բայց մենակ իրեն չէ, այլև ներկայացվող գործիքների հետ։
«Ձեր մտահոգությունների հետ՝ տոկոսով փող տալու հետ կապված, ես համամիտ եմ, դա խնդիր է։ Մենք փոխառության տակ հասկանում ենք նաև վարկ վերցնելը, ավանդները, ինստիտուտներ, որոնք չենք կարող արգելել։ Ես որևէ տեղ չեմ հանդիպել, որ արգելված լինի փոխառություն տալը»,- նշեց նախարարը։