«Պետք է ամեն ինչ անել, որ գնորդը չլինի Ադրբեջանը». Շիրակ Թորոսյան

«Դա անհանգստացնող է և պետք է ամեն ինչ անել, որ գնորդը չլինի Ադրբեջանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը` մեկնաբանելով Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 %-ի վաճառքն ու դրա հավանական գնորդ ադրբեջանական «Սոկարի» («Socar») հանգամանքը:

Ըստ նրա` Վրաստանը, որի տարածքով և հենց այդ գազատարով ռուսական գազը Հայաստան է տարանցվում, մինչ այս իրեն կոռեկտ է դրսևորել, և գազամատակարարման գործընթացն անարգել է եղել:

Շ. Թորոսյանի կարծիքով` գազատարի մյուս հավանական գնորդը` ռուսական «Գազպրոմը», հայկական կողմի համար շատ ավելի գերադասելի է.

«Ցանկացած կազմակերպություն, բայց ոչ ադրբեջանական «Սոկարը»: Առանց այդ էլ «Սոկար» ընկերությունը Միխայիլ Սահակաշվիլու անհեռատես քաղաքականության շնորհիվ գրեթե մոնոպոլ հնարավորություն է ձեռք բերել: Ռուսաստանը տարածաշրջանում գազ արտահանող երկիր է, և, բնական է, որ, եթե «Սոկարը» գրավի այդ դիրքը, կստեղծվի իրավիճակ, երբ այդ ընկերությունը կփորձի դուրս մղել տարածաշրջանի ներկրողին: «Սոկարը» կարող է օգտագործել նաև քաղաքական նպատակներով և կարող է խափանել Հայաստանի մատակարարումը: Առավել ևս, որ, եթե «Սոկարն» այսօր փորձ է անում ձեռք բերել ընկերության 25 % բաժնեմասը, հետագայում կարող է հավակնել ավելի շատ չափաբաժնի»,- ասաց պատգամավորը:

Շ. Թորոսյանի խոսքով` այս հարցում նաև բարոյահոգեբանական խնդիր կա, որ անգամ 5%-ի դեպքում տարանցման վարձը ստանալու է մի ընկերություն, որի ֆինանսավորմամբ սպառազինվում է Ադրբեջանը, և ստացվելու է, որ մեր վճարած փողից մեր զինվորի վրա կրակող փամփուշտ է գնվելու:

Տեսանյութեր

Լրահոս