«Երբ թույլ ենք տալիս մտնել ԱԺ, գնդակահարել ութ հոգու, մենք ինչի՞ մասին ենք խոսում՝ մեկին ապտակ տալո՞ւ». Գուրգեն Եղիազարյանը՝ լրագրողի և պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը և ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը դատապարտեցին խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ըստ լրագրողի պնդման՝ հարվածել էր իրեն:

Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ ոչ միայն խորհրդարանում, այլև ընդհանրապես նորմալ մարդը երբեք նման վարքագիծ չպետք է դրսևորի.

«Ուսումնասիրությունը ցույց կտա, թե ով ինչքանով է մեղավոր, բայց երևույթը դատապարտելի է»:

Գուրգեն Եղիազարյանը ևս նշեց, որ դատապարտում է բռնությունը՝ անհրաժեշտ համարելով հետաքննության անցկացումը.

«Եթե լրագրողի հանդեպ նման քայլ է եղել, լրջագույնս դատապարտում եմ: Մինչև այսօր ԱԺ-ում լրագրողներին միայն հայհոյում էին, հիմա արդեն անցանք այլ քայլերի՞: Մարտի 1-ին բացարձակապես բոլոր ընդդիմադիր լրագրողները ծեծուջարդի ենթարկվեցին տեսախցիկների առաջ: Երբ թույլ ենք տալիս մտնել ԱԺ, գնդակահարել ութ հոգու, մենք ինչի՞ մասին ենք խոսում՝ մեկին ապտակ տալո՞ւ»:

Իսկ Ազատ Արշակյանը հավելեց, որ չորրորդ իշխանության ներկայացուցիչները նույնքան պետք է պաշտպանված լինեն, որքան իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչները.

«Խոսքի ազատությունն էապես կախված է լրագրողի ապահովությունից: Լրագրողը պետք է լինի մի քիչ ավելի պաշտպանված: Լրագրողի իրավունքն է՝ անհարմար վիճակ ստեղծել քաղաքական, հասարակական գործչի համար, նա պետք է դրա համար պաշտպանված լինի»:

Տեսանյութեր

Լրահոս