«Գերմանիան փորձելու է արդյունքի հասնել Համբուրգում նախատեսվող նախարարական հանդիպմանը»
Դեկտեմբերի 8-9-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայանալիք ԵԱՀԿ նախարարների 23-րդ խորհրդի նիստի շրջանակում նախատեսվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հարցը շարունակում է պահպանել ինտրիգը։
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն օրերս հայտարարել է, որ Ադրբեջանը համաձայն է Համբուրգում նախատեսվող 2+3 ձևաչափով հանդիպմանը։ Իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` չբացառելով, նշել է, որ նման պայմանավորվածություն դեռ չկա։ Ավելին, ավելի վաղ Նալբանդյանն ասել էր, որ Ադրբեջանից հնչեց հայտարարություն, թե պատրաստ են մասնակցելու այդ հանդիպմանը, բայց Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասություններ են պարունակում:
Ադրբեջանը մի կողմից` հայտարարում է, որ պատրաստ է մասնակցել եռանախագահների կողմից նախաձեռնվող հանդիպումներին, մյուս կողմից` հայտարարություններ է անում, որոնք հակադրվում են եռանախագահների մոտեցումներին, առավելապաշտական մոտեցումներ են արտահայտում և հայտարարում, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կարող է լինել միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքի վրա:
Նա շեշտել էր, որ Բաքուն պետք է կողմնորոշվի` իսկապե՞ս ցանկանում է եռանախագահող ձևաչափում շարունակել բանակցությունները, թե՞ ոչ։ «Այլապես սոսկ այս հանդիպումներին մասնակցությունը դառնում է իմիտացիա իրենց կողմից: Դրա ապացույցներից մեկն էլ իրենց մասնակցությունն էր Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին: Մասնակցեցին, բայց դա ի՞նչ տվեց: Մինչ այսօր հրաժարվում են իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները, անում են ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն»,- ասել էր նա:
«168 Ժամի» հետ զրույցում գերմանացի քաղաքագետ, ռուսական «Վալդայ» ակումբի անդամ Ալեքսանդր Ռարը, գնահատելով Գերմանիայի նախագահությունը ԵԱՀԿ-ում և այդ նախագահության արդյունավետությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համար, ասաց, որ Գերմանիան ծրագրում էր ամրապնդել ԵԱՀԿ ինստիտուտը, լուծել Արևելյան Եվրոպայի հակամարտությունները, իր դրական նպաստն ունենալ նաև ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին։
«Սակայն այս տարվա զարգացումները բոլոր հակամարտ գոտիներում ցույց տվեցին, որ Գերմանիայի այդ ծրագրերը կյանքի չկոչվեցին, քանի որ չլուծվեց գլխավոր հարցը` ապահովել պատշաճ շփումներ Ռուսաստանի հետ։ Կողմերին չի հաջողվում արդյունավետ երկխոսություն սկսել գլխավոր հարցերի շուրջ, արտաքին տարաձայնություններն իրենց հերթին` հակամարտող կողմերին առիթ են տալիս ամրապնդել իրենց դիրքորոշումները, որոնց հետևանքով գործընթացը փակուղում է հայտնվում, գերտերությունները «հոգնում» են նաև այդ իրավիճակից, ԵԱՀԿ ինստիտուտները հեղինակազրկվում են, և այս ամենը` միայն այն պատճառով, որ տասնյակ տարիներ գերտերությունները չեն կարողանում կարևոր հարցերում համաձայնության գալ և կայուն միջավայր ապահովել։
Դա այս տարի չհաջողվեց նաև Գերմանիային, թեև Գերմանիան, ի դեմս Մերկելի և Շտայնմայերի, այդ ուղղությամբ որոշակի ակտիվություն ցուցաբերեց, բայց դա, ակնհայտորեն, բավարար չէր։
Պետք էր կարողանալ իրերն իրենց անուններով կոչել, սաստել Թուրքիային ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ Թուրքիայի նախագահը հայտարարում էր Ադրբեջանին աջակցելու մասին, բայց Եվրոպայի կայունությունն այսօր մեծապես կախված է նաև Թուրքիայից, որը բարձրաձայն կերպով սպառնալիքներ է հնչեցնում` ուղղված եվրոպական երկրներին։ Ղարաբաղյան հակամարտության բռնկումը, իհարկե, մտահոգում է ԵՄ-ին, սակայն Թուրքիայի սպառնալիքները պակաս ուշադրության արժանի չեն։ Խնդիրները բազմաշերտ են, որոնք պայմանավորված են և Եվրոպայի ներքին ճգնաժամով, և արտաքին հարաբերություններով»,- նման տեսակետ հայտնեց գերմանացի վերլուծաբանը։
Վերջինիս խոսքով` ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ԼՂ հակամարտությունն ամենևին էլ սառեցված չէ, և իրավիճակը կարգավորելու կամ սառեցնելու համար որոշակի քայլեր են անհրաժեշտ։ «Բայց, ինչպես նշեցի, եղան խնդիրներ, որոնք ավելի ազդեցիկ գտնվեցին»,- ընդգծեց Ռարը։
Գերմանացի վերլուծաբանն ընդգծեց, որ այնուամենայնիվ Գերմանիան փորձում է պայքարել մինչև «վերջին շունչը»` փորձելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջոցով հակամարտող կողմերի համար հանդիպում կորզել Համբուրգում` դրանով իսկ դրական նոտայի վրա ավարտելով իր նախագահությունը ԵԱՀԿ-ում։
«Այս խնդրում Գերմանիայի նախագահությունն ամբողջությամբ կորսված չեմ համարում, քանի որ Գերմանիայի նախագահության շրջանում կայացան նախագահական երկու հանդիպումներ, ներկայացվեցին առաջարկներ, անվտանգություն ապահովող մեխանիզմներ, որոնց շուրջ աշխատանքները ԵԱՀԿ-ում դեռ շարունակվում են։ Եթե Համբուրգում կայանա հանդիպում, միգուցե հնարավոր լինի համաձայնության գալ այս առաջարկների շուրջ»,- նման հույս հայտնեց Ռարը։