«Պայքարը ոչ թե իշխանության և ընդդիմության մեջ է, այլ ընդդիմության ներսում. փորձում են ցույց տալ՝ ով է ամենաուժեղ ընդդիմադիրը». Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում որևէ լուրջ փոփոխություն չկա. քաղաքական ուժերը պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ ներքաղաքական կյանքում ակտիվացում կլինի գարնանը:

«Ընդդիմության մեջ գտնվող բոլոր մարդիկ նույն բանն են ասում՝ իշխանությունները վատն են, իսկ իրենք՝ լավը, և երբ իրենք գան իշխանության, խոստանում են, որ կոռուպցիա չի լինի, իրենք օլիգարխներ չեն դառնա ու լավ քաղաքականություն կվարեն: Եթե սա համարվում է իդեոլոգիա, ապա այն շատ պրիմիտիվ է, մանկական»,- ասաց Ա. Իսկանդարյանը՝ նկատելով, որ պայքարը ոչ թե իշխանության և ընդդիմության մեջ է, այլ ընդդիմության ներսում, որովհետև փորձում են ցույց տալ, թե ով է ամենաուժեղ ընդդիմադիրը:

«Հարցը միասնության մեջ էլ չէ, որովհետև եթե նրանք միավորվեն էլ՝ որևէ հարց չեն կարող լուծել, որովհետև պարզ է, թե ընտրությունների ժամանակ որ ուժն է լինելու քաղաքական մեծամասնություն: Միավորումն ընդհանրապես ռեալ չէ, այնպես որ, ես կարծում եմ, որ միայն նախընտրական պայքար է գնում և որևէ բան չի փոխվելու»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց հավաքված բազմության պահանջին, նրա՝ քաղաքականություն վերադառնալու խնդրին, Իսկանդարյանը նշեց, որ ընտրություններին ընդառաջ նման քայլերը սպասելի ու հասկանալի են. «Սա քաղաքական սցենար է, քաղաքական գործընթաց»:

Կարդացեք նաև

Քաղաքագետն անդրադարձավ նաև Մոսկվայում ստորագրված հայ-ռուսական միացյալ զորախմբավորման մասին համաձայնագրին և նշեց, որ դա նորություն չէ.

«Այդ միավորված խումբը գործում էր և կազմավորվել էր 90-ականների կեսերին: Անվտանգության ապահովման մասին պայմանագրեր էլ կան, որոնց շնորհիվ էլ ներքին գներով ստանում են զենք-զինամթերք, ռազմական տեխնիկա: Այդ ամենով Հայաստանն ու Արցախն ապահովում են իրենց անվտանգությունը: Այս պրոցեսը շատ հասկանալի է: Տարբեր կարծիքներ են հնչում, որոնցում հիմնականում դժգոհություններ են նկատվում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, բայց այլընտրանքների հետ խնդիր ունենք: Երբ այս թեմայով խոսում ես մարդկանց հետ, ասում են բաներ, որոնք ոչինչ չեն նշանակում: Նրանք ասում են՝ մենք պետք է փնտրենք անվտանգության այլ երաշխավորներ, բայց ոչ՝ Ռուսաստանը: Բայց ո՞ւր գնանք: Ասում են՝ Եվրամիություն, բայց Եվրամիությունն անվտանգություն չունի, նա դա վերցնում է ՆԱՏՕ-ից: Ասում են՝ Իրան, Իսրայել, Չինաստան, բայց այդ ամենը լուրջ չէ: Որոշներն էլ խոսում են ՆԱՏՕ-ի մասին, բայց Թուրքիան համարվում է ՆԱՏՕ-ի անդամ, և վերջ: Այս կոնտեքստում՝ այն անվտանգության երաշխավորը, որն այս պահին ունի Հայաստանը, այս պահին փոխել հնարավոր չէ»:

Քաղաքագետի խոսքով՝ անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը բավականին դրական է և գործում է արդեն 25 տարի.

«Այն պայմանավորվածությունը, որ կա ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև, վերաբերում է միայն նրանց, այլ ոչ Արցախին: Բայց հասկանալի է, որ Արցախի անվտանգությունը, մեծ հաշվով, Հայաստանն է ապահովում: Որտեղի՞ց է գալիս Արցախի զենք-զինամթերքը. Պարագվայի՞ց, թե՞ Կոստա Ռիկայից»:

Տեսանյութեր

Լրահոս