«Մեր ազգն իր մտածելակերպով եվրոպացի չէ». Լեռնիկ Ալեքսանյան

«ՀՀԿ 16-րդ համագումարը կուսակցության վարած քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր և սկիզբն էր այն քաղաքականության, որը պետք է վարի: Ընդհանրապես, համագումարներից պահանջել մեծ, կտրուկ բաներ, ճիշտ չէ»,- այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ համագումարում հստակեցվեց իրենց կուսակցության գաղափարախոսությունը. «Համագումարում շեշտվեց, որ պահպանողական գաղափարախոսությունը պահպանվել է: Մեր պետությանը հեղափոխական, կտրուկ փոփոխություններ անհրաժեշտ չեն: Այսինքն՝ և՛ գաղափարները, և՛ ավանդույթները, և՛ այս քաղաքականության շարունակականությունը պետք է պահպանվեն: Համագումարում շեշտվեց, թե ինչպես ենք ընկալում նժդեհյան գաղափարախոսությունը: Սերնդափոխությունը բնական պրոցես է, և այն կուսակցությունը, որը ժամանակ առ ժամանակ է անում, ես դրա մեջ բացասական բաներ եմ տեսնում, բայց լինում են փուլեր, երբ կտրուկ փոփոխությունների կարիք է լինում, երբ կուսակցությունն առավել դժվար՝ ինքնամաքրման պրոցես է ապրում»:

Անդրադառնալով կուսակցության երիտասարդացման հարցին՝ Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց, որ երևույթն ինքնանպատակ բնույթ չպետք է կրի, և ըստ նրա՝ նորեկները պետք է կարողանան շատ հարցերում հասնել իրենց ավագ կուսակիցների ձեռքբերումներին, որովհետև կոնկրետ նախարար աշխատելը բավական ծանր և անշնորհակալ աշխատանք է: «Ես լավ ծանոթ եմ ներքին խոհանոցին ու գիտեմ, որ և՛ նախագահը, և՛ կառավարությունը տրամադրված են լուծել ներքին խնդիրները: Պետք է քննադատել, բայց դրա ու վարկաբեկման միջև տարբերություն կա»:

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ ՀՀԿ համագումարը նման էր ԽՄԿԿ համագումարներին, նա դրանում բացասական բան չի տեսնում. «Կոմունիստական կուսակցության կարգերի մեջ վատ բան չկա, ու մենք էլ պետք է դրա դրական կողմերից օգտվենք: Համագումարը կազմակերպված էր, ու հնարավոր չէ ամեն մեկին ձայն տալ: Մեր ազգն իր մտածելակերպով եվրոպացի չէ. մենք Եվրոպա չենք կառուցում, մենք Հայաստան ենք կառուցում: Երկրի նախագահն էլ՝ եվրոպական արժեք ասելով՝ չէր ասում՝ մենք Եվրոպա ենք գնում: Մենք բոլոր արժեքներն էլ օգտագործում ենք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս