«Բուհերը պետք է ազատվեն քաղաքական այս կամ այն ուժի ղեկավարումից». ԿԳ նախարար

«Բարձրագույն կրթության մասին» օրենքում ամրագրվում է բուհական ինքնավարության շեշտակի աճ. «Փորձել ենք հնարավորինս բեռնաթափել նախարարության դերակատարումը և ձևավորել ինքնուրույն բուհական համակարգ: Բուհերն իրենց ներսում կունենան ժողովրդավարական կառավարման համակարգ: Փորձել ենք տարանջատել երկու հասկացություն՝ պրոֆեսիոնալ մենեջեր, որը ռեկտորը պետք է լինի, և գիտխորհրդի դերակատարության մեծացում: Այսինքն՝ գիտխորհուրդները պետք է կարողանան ամբողջությամբ ակադեմիական որակի համար պատասխան տալ, իսկ ռեկտորի ֆունկցիան ընդամենը կառավարման համակարգն է»:

Ըստ նոր օրենքի՝ բարձրաստիճան պաշտոնյաներն այլևս իրավունք չեն ունենա լինելու բուհերի կառավարման խորհրդի անդամներ: Նախարը նշեց, որ այդ կերպ պետք է փորձեն բուհն ազատել քաղաքական այս կամ այն ուժի ղեկավարումից:

Ըստ նրա` կուսակցականացումը շատ լավ բան է, քանի որ, երբ տվյալ երկիրը քաղաքական մշակույթ չունի, դատապարտված է, սակայն դա չի նշանակում, որ կուսակցական գործունեություն պետք է ծավալել բուհերի ներսում:

«Մարդու անհատական իրավունքն է՝ ունենալ կուսակցական պատկանելություն, և նա իր քաղաքական ակտիվությունն այդպես պետք է դրսևորի, այսինքն` եթե խոսում ենք համալսարանական դաշտի մասին, ո՞վ պետք է լինի գաղափարական ուղղության կրողը, եթե ոչ` ուսանողը: Իսկ կառավարման խորհրդի ձևաչափի մեջ պետք է չլինեն ոչ թե կուսակցականներ, այլ կուսակցական պաշտոն և պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ, որպեսզի բուհը կարողանա  իր քաղաքականությունն ազատ իրականացնել: Սա նաև մեր եվրոպական գործընկերների կարևոր հարցադրումներից մեկն էր»,- ասաց Լ. Մկրտչյանը` հավելելով, որ սա չի նշանակում, թե համալսարանական հանրույթն ապակուսակցական պետք է լինի, քանի որ դա կնշանակի՝ տվյալ երկրում քաղաքական մշակույթի ոչնչացում:

Ըստ նախարարի` մենք ուրիշ խնդիր ունենք. «Ճիշտ կլինի, որ ՀՀ-ում գործող կուսակցությունները հստակեցնեն իրենց գաղափարական հենքերը, ասեն, թե իրենք ինչ ուղղության ներկայացուցիչ են, որպեսզի քաղաքական դաշտը վերջապես կայանա»:

Տեսանյութեր

Լրահոս