«Թուրքիան ամբողջ աշխարհից մեկուսացվում է». թուրքագետ

«Վերջին շրջանում Թուրքիայի առջև ծառացած ներքին և արտաքին խնդիրները բավականին շատ են: Դրանցից մեկը քրդական հարցն է, Թուրքիայի հարաբերությունները լավ չեն ԱՄՆ-ի, Եվրոպայի, նաև՝ Ռուսաստանի հետ: Ռուսաստանից Թուրքիային ասել էին, որ Էրդողանի նամակը բավարար չէ, որպեսզի ռուս-թուրքական հարաբերությունները վերականգնվեն, Թուրքիան պետք է վերանայի իր քաղաքականությունը Սիրիայում, ինչը Թուրքիան չի անում: Թուրքիան քայլեր է ձեռնարկում, որպեսզի տապալի Ասադի իշխանությունը, իր նախաձեռնությամբ այնտեղ իշխանություն ստեղծի, որից հետո Սիրիայում դիրքերն ամրապնդի, և այն՝ որպես հենարան ունենալով՝ տարածաշրջանի գերտերություն դառնալու իր վաղեմի երազանքն իրականացնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ դա երազանք էլ կմնա Թուրքիայի համար, քանի որ Սիրիայում հզոր խաղացող դառնալու կարողություն Թուրքիան այլևս չունի:

«Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները շատ վատ են, ու նոյեմբերի 4-ին տեղի ունեցած մասսայական ձերբակալություններից հետո Եվրամիությունն այդ ամենին բուռն հակազդեցությամբ արձագանքեց: Էրդողանը Եվրամիությանը շանտաժի էր ենթարկել՝ շահարկելով փախստականների հարցը: Բայց այդ շանտաժին տեղի չտվեց Եվրամիությունը, որովհետև Թուրքիան եթե անգամ սահմաններն էլ բացի, սիրիացի փախստականներին Եվրոպա ուղարկել չի կարող, քանի որ բոլոր սահմանները վերահսկվում են: Եվրախորհրդարանն էլ նոյեմբերի 23-ին որոշում էր ընդունել, որով պահանջում էր ԵՄ-ից՝ սառեցնել Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Թեև Եվրախորհրդարանի որոշումը պարտավորեցնող չէ, բայց, կամա թե ակամա, ԵՄ-ն ենթարկվում է նրան»,- պարզաբանեց թուրքագետը:

Ըստ Հ. Չաքրյանի՝ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները լարված են Սիրիայի քրդերի պատճառով, քանի որ Թուրքիան նրանց համարում է ահաբեկիչներ, իսկ ԱՄՆ-ը՝ ի դեմս Օբամայի, բազմիցս հայտարարել է, որ նրանք Վաշինգտոնի ցամաքային զորքերն են: Ռուսաստանի հետ հարաբերությունները, ըստ նրա՝ էլ չեն բարելավվելու, Թուրքիան հարաբերություններ չունի նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ. «Ստացվում է, որ Թուրքիան ամբողջ աշխարհից մեկուսացվում է: Քանի դեռ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ էին, մի առավելություն ուներ. երբ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն Թուրքիայի վրա ճնշում էին գործադրում, նա Ռուսաստանի հետ մերձենալով՝ այդ ճնշումը թուլացնում էր: Իսկ հիմա այդ հնարավորությունից էլ է զրկվել»:

Տեսանյութեր

Լրահոս