Տիգրան Ջրբաշյանին կփոխարինի Արա Հովսեփյանը

Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահի պաշտոնում այսուհետ  Տիգրան Ջրբաշյանի փոխարեն կլինի Contour Global ընկերության Հայաստանի ներկայացուցիչ Արա Հովսեփյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց կառույցի այլևս  նախկին նախագահ Տիգրան Ջրբաշյանը՝ նշելով, թե իր տեղը զիջում է նոր եւ թարմ կադրերի:

«Պաշտոնից հրաժարվելու պատճառն ավանդույթի շարունակությունն էր: Ես ցանկացա, որ նոր մարդիկ իմ փոխարեն շարունակեն պալատի աշխատանքները: Այդ աշխատանքը բավական լուրջ ներդրում է պահանջում, եւ կառույցի հետագա ընդլայնումը ակնկալում է բազմաշերտություն»,-ասաց Ջրբաշյանը:

Նա նշեց, որ Ամերիկյան առևտրի պալատի նախագահի պաշտոնում ընտրվելուն պես առաջնորդվել է չորս կարեւոր ուղղություններով: «Դրանցից առաջինը ակտիվ երկխոսությունն ու համատեղ ծրագրերի իրականացումն է անդամ ընկերությունների հետ, երկրորդը` երկխոսությունն ու փորձի փոխանակումը մասնավոր սեկտորի  հետ, երրորդը` համագործակցությունը Կառավարության և պետական մարմինների հետ, մասնակցությունը օրենսդրական դաշտի բարեփոխումներին և չորրորդը` առևտրի պալատի վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացումն է»,-ասաց նա:

Տիգրան Ջրբաշյանին կառույցը ձգել էր նաեւ այն պատճառով, որ ինքը լինելու էր թվով 8-րդ նախագահը: «Սա նշանակում է, որ կառույցն առողջ է եւ այնտեղ չի գործում միաձայն ձևաչափը»,-հավելեց նա:

Ամերիկյան առևտրի պալատում իր աշխատանքի տարիների ձեռքբերումներից Տիգրան Ջրբաշյանն առանձնացրեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված «Առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի» կնքման մեջ պալատի ունեցած դերը:

«Մեր ներդրումը զգալի էր նաեւ հարկային օրենսգրքի աշխատանքների մեջ»,-ասաց Տիգրան Ջրբաշյանը:

Տիգրան Ջրբաշյանը Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահի պաշտոնում ընտրվել էր 2014 թվականի հոկտեմբերին:

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում անկախ բիզնես միություն է, որը Հայաստանում գործում է 2000թ.: ՀԱԱՊ-ը ներկայացնում է Հայաստանի տնտեսության տարբեր  ոլորտների մոտ 100 անդամ կազմակերպությունների շահերը: Նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը և ներկայացնել լավագույն գործարար փորձառությունը Հայաստանում` ՀԱԱՊ-ը սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և առավել լայն գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: ՀԱԱՊ-ը հանդիսանում է ԱՄՆ առևտրի պալատի և  Ամերիկայի առևտրի պալատների  Եվրոպական խորհրդի անդամ:

Տեսանյութեր

Լրահոս