«Միշտ իշխանության մեջ եղած քաղաքական ուժերը տնօրինում են ավելի շատ միջոցներ». Աղվան Վարդանյան

«Ակնհայտ է, որ Սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքական առանցքային դերակատար են դառնալու քաղաքական կուսակցությունները. ակնհայտ է նաև, որ քաղաքական կուսակցություններն ունեն որոշակի ֆինանսական ինքնաբավության խնդիր»,- այսօր Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Նրա խոսքով՝ միշտ իշխանության մեջ եղած քաղաքական ուժերը տնօրինում են ավելի շատ միջոցներ՝ իրենց գաղափարները տարածելու ու ազդեցություն ունենալու առումով, և այն, ինչ ենթադրում է այսօր օրենսդրությունը, չափազանց նվազ գումար է:

«Ե՞րբ ենք անդրադառնալու հենց այդ խնդրին, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը, և նրանք, որոնք որոշակի տոկոս են ապահովել ընտրություններում, կարողանան ավելի հարմարավետ զգալ, իրենց նվազագույն պահանջները հոգալ տարածքներում: Այն, ինչ հիմա ունենք օրենսդրությամբ, չափից դուրս անբավարար է»,- դիմելով հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ հարցրեց Ա. Վարդանյանը:

Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ պատգամավորն իրավացի է, ֆինանսական միջոցների սղությունն առկա է, սակայն օրենքն ամրագրում է պետական ֆինանսավորման չափը. «Մեզ հետաքրքիր կլինեն կուսակցական գործիչների, պատգամավորների ու հ/կ-ների առաջարկները: Կուսակցությունները պետք է ոչ թե մեխանիկորեն ստանան այն ֆինանսավորումը, որը սահմանված է, այլ կուսակցությունը պետք է բավարարի որոշակի հստակ չափանիշերի, և միայն այդ դեպքում ֆինանսավորվի, որը կլինի տարբերակված: Հստակ տարբերակում պետք է մտցվի կուսակցության գործունակության և քաղաքական դաշտում նրա դերակատարման հետ կապված, որից հետո պետական ֆինանսավորում կտրվի»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930