«Պետք է սահմանենք նոր նշաձողեր». Սերժ Սարգսյան
«Հայաստանն ունի երկրի զարգացմամբ մտահոգ Սփյուռք, ունի աշխարհում հաջողության հասած այնպիսի հայրենակիցներ, ում անձնական եւ ինստիտուցիոնալ հնարավորությունները Հայաստանում ինչ- որ բան առաջ տանելու հարցում շատ ավելին են, քան անգամ պետական մի քանի գերատեսչություններ միասին վերցրած»: Այս մասին այսօր ՀՀԿ համագումարում հայտարարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` Հայաստանը պատրաստ է բաց եւ շիտակ քննարկումների: «Յուրաքանչյուր կարող և ցանկություն ունեցող հայի համար մենք փորձելու ենք գտնել գործելու եւ պատասխանատվություն ստանձնելու սեփական հատվածը: Մենք դժվար թե այնքան ժամանակ եւ, անկեղծ ասեմ, ցանկություն գտնենք, որ կարողանանք մեկ առ մեկ արձագանքել այն փոքրաթիվ անհատներին, ովքեր երբեք, կամ բավականաչափ երկար ժամանակահատված Հայաստանում չեն եղել , չգիտեն մեր իրականությունը, որոշ դեպքերում չեն մասնակցում անգամ իրենց համայնքային կյանքին, բայց դատավորի դեր են ստանձնել եւ աջ ու ձախ փնովում են, մեղադրանքներ տարածում»,- ասաց Ս. Սարգսյանը՝ հավելելով, որ Կառավարությունը պատրաստ է դառնալ Հայաստան-Սփյուռք գործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շարժիչը:
«Այսօր մենք ամրագում ենք ենք, որ նոր թափ ենք հաղորդում աշխարհասփյուռ հայերի ներուժի համադրմանը Հայաստանի տարբեր բնագավառների քաղաքականության մշակման եւ իրականացման գործում: Մենք ոչ թե առանձին ինքնաառաջադրվածների վերահսկողության, այլ սրտացավ եւ խնդիր լուծել կարողացող հայրենակիցների համագործակցության կարիքն ունենք»,- հավելեց Ս. Սարգսյանը: Նա երախտագիտություն հայտնեց Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքի գաղթօջախներում բարեգործություն կատարողներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում են դա անում՝ ընդհուպ մինչեւ նոյեմբերի 24-ին տեղի ունեցած հեռուսամարաթոնի ընթացքում 23-24 եվրո նվիաբերող մարդկանց:
«Մեր ուշադրության կենտրոնում է մնալու նաեւ աշխարհասփյուռ հայության ինքնակազմակերպման, ազգային ինքնության պահպանության եւ երիտասարդության ներգրավման ուղղություններով տարվող աշխատանքները: Այսօր չենք կարող մեզ թույլ տալ բավարարվել մեր ձեռքբերումներով: Պետք է սահմանենք նոր նշաձողեր: Մեզ պատմական առիթ է տրվել հանդես գալու բազմապատիկ ուժով` օգտագործելով Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հնարավորությունները»,- ասաց Սերժ Սարգսյանը: