Դեկտեմբեր-փետրվար ամիսներին կլինեն օդի ջերմաստիճանի լուրջ նվազումներ, ձյան առատ տեղումներ, բուք, սառնամանիք

Դեկտեմբեր-փետրվար ամիսներին ունենալու ենք կլիմայական վայրիվերումներով ձմեռ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Մեր հանրապետության տարածքն այդ երեք ամիսներին էլ շատ հաճախ ենթարկվելու է հիմնականում Սկանդինավիայի կողմից ներթափանցող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցությանը, որոնք կառաջացնեն օդի ջերմաստիճանի լուրջ նվազումներ, ձյան առատ տեղումներ, առանձին օրերին բուք, և այլն, և այլն, այսինքն՝ կհաստատվեն բավականին սառնամանիքային եղանակներ:

Շատ հաճախ կենթարկվենք նաև Մերձավոր Արևելքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությանը, որի արդյունքում այդ օրերին էլ կնկատվի օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում: Այսինքն՝ այս ձմռան ընթացքում կունենանք և շատ սառնամանիքային օրեր, ձյան առատ տեղումներ, և շատ տաք օրեր:

Կունենանք օրեր, երբ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր կլինի 7-10 աստիճանով, և կունենանք օրեր, երբ կլիման նորմայից բարձր կլինի 7-10 աստիճանով:

Կարդացեք նաև

Առանձին օրերին կրկին Արարատյան դաշտում չի բացառվում սառը օդի լճացում, մառախուղներ: Բոլոր երեք ամիսներին էլ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ սպասվում է ձնառատ ձմեռ, բայց քանի որ հաճախ ենթարկվելու ենք արևադարձային օդային հոսանքների ազդեցությանը, ձմռան ընթացքում կլինեն օրեր, երբ հանրապետության հոտվային շրջաններում, Երևանում, Արարատյան դաշտում և մյուս ցածրադիր գոտիներում կլինեն նույնիսկ անձրևներ:

«Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Վայոց Ձորի և Կոտայքի լեռնային գոտիներում, Լոռիում այն օրերին, երբ կլինեն արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներ, օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև մինուս 25-30 աստիճան, իսկ արևադարձային տաք օդային զանգվածների ներթափանցման դեպքում առանձին ժամանակահատվածներ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 5-9 աստիճանի:

Տավուշի, Սյունիքի, Արցախի ցածրադիր գոտիներում արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման դեպքում գիշերային ժամերին առանձին ժամանակահատվածներում ջերմաստիճանը կհասնի մինուս 10-15-ի, իսկ  տաք օդային զանգվածների ներխուժման դեպքում ցերեկային ժամերին՝ մինչև 12-17 աստիճանի: Տավուշի, Սյունիքի, Արցախի լեռնային գոտիներում ցուրտ օդի ներխուժման դեպքում գիշերային ժամերին ջերմաստիճանը կհասնի մինչև մինուս 17-22 աստիճանի, իսկ ցերեկային ժամերին տաք օդի ալիքների ներթափանցման դեպքում՝ 10-13 աստիճանի:

Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց Ձորի և Կոտայքի նախալեռնային գոտիներում արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման դեպքում գիշերային ժամերին կլինեն ժամանակահատվածներ, երբ ջերմաստիճանը կհասնի մինուս 18-23 աստիճանի, իսկ տաք օդային ալիքների դեպքում ցերեկային ժամերին մենք կունենանք մինչև 10-15 աստիճան տաքություն: Մայրաքաղաքում արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման դեպքում գիշերային ժամերին կլինի ժամանակահատված, երբ  ջերմաստիճանը կհասնի մինուս 19-24 աստիճանի, իսկ տաք օդի ալիքների դեպքում՝ 12-15 աստիճանի»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ առանձնացնելով ծայրահեղ ցածր և ծայրահեղ բարձր ջերմաստիճանները, որոնք կանխատեսվում են ձմռան ընթացքում:

Գագիկ Սուրենյանն ասաց, որ, եթե ընդհանուր գնահատենք և միջինացնենք այդ ցուրտ և տաք ժամանակահատվածները, ամսական միջին ջերմաստիճաններն այս ձմռան ընթացքում կլինեն նորմայի սահմաններում. «Այսինքն՝ ասել, որ մենք սպասում ենք ծայրահեղ ցուրտ կամ ծայրահեղ տաք ձմեռ, սխալ կլինի»:

Նա նշեց, որ ցուրտ օրերի համար գյուղատնտեսներին խորհուրդ են տալիս հատկապես Արարատյան դաշում այգեթաղ կատարել՝ ցրտահարումներից խուսափելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս