Հայաստանն ու Աբխազիան՝ նույն հարթության վրա. ինչո՞ւ է Ռուսաստանը թարմացնում միացյալ զորախմբերի պայմանագրերը

Շուրջ մեկ տարի է, Ռուսաստանը Հայաստանի հետ համատեղ զորախմբի պայմանագիրը թարմացնելու ուղղությամբ աշխատանքներ է նախաձեռնել։ Հայաստանյան փորձագիտական հանրության մի մեծ հատվածին անհանգստացնող ռուսական ռազմական միավորը Հայաստանում գործել և գործելու է Ռուսաստանի բանակի Հարավային ռազմական օկրուգի կազմում՝ կոչված լինելով պաշտպանել ՌԴ-ի հարավային սահմանները։

Վլադիմիր Պուտինն արդեն հավանություն է տվել ՌԴ կառավարության առաջարկին՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև համապատասխան պայմանագիր ստորագրելու վերաբերյալ։ Նաև հանձնարարվել է ՌԴ-ի ՊՆ-ին՝ Արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ բանակցություններ սկսել հայկական կողմի հետ՝ պայմանագիրը ստորագրելու համար։

Պայմանագրի նախագիծը ներկայացվել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը, համաձայնեցված է Արտաքին գործերի նախարարության և գործադիր իշխանության այլ մարմինների հետ։ Ռուսական «Ինտերֆաքսի» համաձայն՝ խմբավորումը, որը բաղկացած է լինելու ռուսական 102-րդ ռազմաբազայի և հայկական արևմտյան սահմանում տեղակայված 5-րդ բանակային կորպուսի ուժերից, կարևորագույն խնդիրներ է լուծելու, մասնավորապես՝ «ծածկել» Ռուսաստանի հարավային սահմանը՝ ՀԱՊԿ ուժերի հետ մեկտեղ։

Նույն աղբյուրների համաձայն՝ ռուս-հայկական ռազմական զորախմբի ղեկավարումը գտնվելու է համատեղ հրամանատարության ձեռքում, որի հրամանատարը նշանակվելու է Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից։ Խաղաղ ժամանակ հրամանատարությունը գտնվելու է Հայաստանի ղեկավարման ներքո, իսկ պատերազմի ժամանակ՝ ռուսական բանակի Հարավային ռազմական օկրուգի գլխավոր շտաբի պետի ղեկավարման ներքո։ Ի դեպ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորմանը՝ մասնավորապես նշելով, որ զորամիավորումը նորություն չէ և ստեղծվել է դեռևս 1990-ականների սկզբին։

«Գոյություն ունի հրամանատարություն, կան ուժեր և միջոցներ։ Մենք, իհարկե, մանրամասն կուսումնասիրենք այն նորությունները, որոնք ՌԴ նախագահի հրամանագրով կներառվեն համաձայնագրերում»,- ասել էր Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահի այս դիտարկումներից պարզ դարձավ, որ փոփոխությունները նախաձեռնել է ռուսական կողմը, որոնք Հայաստանի հետ դեռևս չեն քննարկվել, ինչը մտահոգում է փորձագետներին, որոնք վստահեցնում են, որ միացյալ զորախումբը ծառայելու է Հայաստանում բացառապես ռուսական շահերին։

Ավելի վաղ «168 Ժամը» զորախմբի ստեղծման հարցը մեկնաբանելու խնդրանքով դիմել էր ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, ով ասել էր, որ զորախումբը գործում է դեռևս 1990-ական թթ., և ներկայումս պայմանագիրը պարզապես թարմացվում է։ «Զորախմբի կազմում մտնում է ռուսական 102-րդ ռազմաբազան, հայկական որոշակի ստորաբաժանումներ, կառավարումն իրականացնում է Անդրանիկ Մակարյանը»,- ասել էր նա: Մեր հարցին, թե ի՞նչ գործառույթներ է իրականացնում և, նոր պայմանագրի համաձայն՝ իրականացնելու միացյալ զորախումբը, Հովհաննիսյանը չէր պատասխանել՝ պնդելով, որ հարցը մեկնաբանման ենթակա չէ։

«168 Ժամի» հետ զրույցում ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը փորձեց պարզաբանել, թե ինչով է զբաղվելու զորախումբը, և ինչու է ռուսական կողմը որոշել թարմացնել պայմանագիրը։

Ի տարբերություն հայաստանյան մի շարք փորձագետների, որոնք պնդում են, որ զորախումբը Հայաստանում ռուսական խնդիրներ է լուծելու, Եվսեևը վստահ է, որ հայ-ռուսական համատեղ խմբավորումն ապահովում է հենց Հայաստանի անվտանգությունը։ Ըստ Եվսեևի՝ զորախմբի վերահսկողության ներքո ԼՂ-ն չի լինելու։ Բայց, ռազմական փորձագետի համոզմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ զորախումբը ենթադրում է միասնական ՀՕՊ համակարգ, ԼՂ-ն փաստացիորեն «կծածկի»։ Թեև փորձագետը նաև ընդունեց, որ ապրիլյան պատերազմում այդ ռազմական ավիացիան չաշխատեց։ «Այսինքն՝ ֆորմալ կերպով այդ տարածքը չի վերահսկվում, բայց ՀՕՊ-ը կարող է տվյալներ տրամադրել Ղարաբաղի վերաբերյալ, քանի որ ՀՕՊ համակարգերը լուրջ հեռահարության հնարավորություններ ունեն։ Հիմնական խնդիրը Հայաստանի համար ռազմական սպառնալիքի չեզոքացումն է։

Երկու երկրի կողմից կարող է լինել այդ սպառնալիքը՝ Թուրքիայի և Ադրբեջանի, այստեղ խոսքը նաև հայ-ադրբեջանական սահմանի մասին է, այդ թվում՝ Նախիջևանի, ուստի ենթադրում եմ, որ այդ խմբավորումը բացառում է ՀՀ տարածք ներխուժման հնարավորությունը և երաշխավորում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Ղարաբաղի վերաբերյալ ևս սա կարող է կիրառելի լինել։

Համատեղ խմբավորումը, բնական է, որ ռուսական կողմից ձևավորվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ուժերի հաշվին, որտեղ ևս որոշակի մոդեռնիզացիայի աշխատանքներ են տարվում։ Տեղի ունեցավ կործանիչների մոդեռնիզացիա, իմ տվյալներով՝ ամրապնդվել է նաև ուղղաթիռների պարկը։ Այսինքն՝ ռուսական կողմը ներկայացված է բազայով, իսկ ով է հայկական կողմից՝ ինձ հայտնի չէ»,- մանրամասնեց Եվսեևը։

Հարցին՝ «Ո՞րն է ռուսական շահն այս պայմանագրում», Եվսեևը պատասխանեց, որ սա այն է, ինչի վրա Հայաստանն իր սահմանների հարցում կարող է հույս դնել։

«Հաշվի առնելով ուժերի կազմը, հաշվի առնելով նաև նոր սպառազինությունը, որը Հայաստանին մատակարարվել է, չեմ կարծում, որ իրական ռազմական սպառնալիք առաջանա, որը կարող է հանգեցնել ՀՀ տարածք ներխուժման, սա կբացառի ներխուժումը։ Ապրիլյան պատերազմը լուրջ դասեր տվեց շատերին։ Կարծում եմ, որ Ռուսաստանի համար նման զարգացումն անցանկալի էր, մեր կողմը կցանկանա, որ ապրիլյան ողբերգական իրադարձությունները չկրկնվեն։

Թե կոնկրետ ինչպիսի ռազմատեխնիկական բնույթի միջոցներ են կիրառվելու, դեռևս բարդ է ասել, բայց Գյումրիի ռուսական ռազմաբազայի ներուժն ընդլայնվելու է, և այն, որ մատակարարումներ եղան Հայաստան, դա ևս լավ ազդանշան է, ազդանշան նրանց, ովքեր ցանկանում են նոր պատերազմ սկսել, խոսքն «Իսկանդերի» մասին է։

Իհարկե, Ադրբեջանը կարող է երազել սուպեր զինամթերքի մասին, բայց որտեղի՞ց դա պետք է վերցնի, Պակիստանից զենքի գնումները չեն կարող առավելություն տալ պատերազմի վերսկսման համար, քանի որ Ռուսաստանը նման զենք չի վաճառի Ադրբեջանին, Ռուսաստանը պարտավորություններ ունի Հայաստանի առջև, իսկ մեկ անգամ ևս կրկնեմ, որ ապրիլյան իրադարձությունների կրկնությունն անցանկալի սցենար է Ռուսաստանի համար, այդ պատճառով է Ռուսաստանը նման քաղաքականություն որդեգրել»,- բացատրեց Եվսեևը։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի հետ պայմանագրի թարմացմանը զուգահեռ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է ՌԴ-ի և Աբխազիայի միջև զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման մասին համաձայնագիրը:

«168 Ժամի» հետ զրույցում թբիլիսյան Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն շեշտեց, որ մեծ քաղաքականության մեջ պատահականություններ հազվադեպ են լինում, իսկ Ռուսաստանի դեպքում ընդհանրապես չեն լինում։

«Իհարկե, ես չեմ կարծում, որ դա պատահականություն է, սա Հարավային Կովկասում, ընդհանուր առմամբ Կովկասում, ռուսական մեծ քաղաքականության արտացոլումն է։ Բայց եկեք դրանք դիտարկենք առանձին-առանձին, քանի որ Հայաստանն ինքնիշխան, ազատ երկիր է, և, թեև ես լիովին վստահ եմ, որ ռազմական համագործակցությունը, ինչպես նաև՝ ընդհանրապես Ռուսաստանի վարած քաղաքականությունը, հակասում է ՀՀ ազգային շահերին, Հայաստանի իշխանություններն ունեն նման որոշում կայացնելու իրավունք։ Իսկ Աբխազիան օկուպացված տարածք է, իհարկե, սեփական օկուպացված տարածքում միացյալ զորամիավորման ձևավորումն իրավաբանական տեսանկյունից անհիմն է։ Ինչ վերաբերում է իրերի դրությանը, ապա իրականում ոչինչ չի փոխվում, քանի որ վերջին տարիներին այնտեղ եղել է միացյալ հրամանատարություն։

Ցավոք սրտի, Վրաստանի ներկայիս Կառավարությունն ունակ չէ արձագանքել այս իրողություններին համարժեք կերպով, քանի որ, օրինակ, նույն Արևմուտքը, ՆԱՏՕ-ն արդեն հայտարարություններ են արել այս հարցի վերաբերյալ՝ դա որակելով որպես անօրինական»,- ասաց Վասաձեն։ Վերջինս չի կարծում, որ Հայաստանում տեղակայվող ուժերը վրացական ուղղությունը կարող են արդյունավետորեն վերահսկել, ինչը հնարավոր չէ ասել Աբխազիայի և Հարավային Օսիայի խմբավորումների մասին։ «Այդ ուժերը կարող են վերահսկել Թբիլիսին, կոմունիկացիաները՝ Կովկաս, Միջին Ասիա, ավելին, Արևմուտք, Արևելք, Եվրոպա, Չինաստան։ Սա պետք է դիտարկել Ռուսաստանի ներկայիս մեծ քաղաքականության շրջանակում»,- շեշտեց Վասաձեն։

Իր հերթին՝ Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ կասկած չկա՝ այն, ինչ տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերություններում՝ կապված հայ-ռուսական միացյալ զորախմբի ներքո ռուսական ներկայության ամրապնդման հետ, անշուշտ, ունի տարածաշրջանային համատեքստ։ Ավելին, ըստ նրա՝ Ռուսաստանը մոբիլիզացրել է իր ողջ ռեսուրսային բազան, որպեսզի ամրապնդի իր ներկայությունը Հարավային Կովկասում, որի համար նա այլևս միջոցների միջև խտրություն չի դնում։

«Իսկ հայկական կողմի անդեմ կեցվածքը Հայաստանին դնում է Աբխազիայի հետ նույն հարթության վրա։ Իհարկե, որևէ բացատրություն, թե սա բխում է հայկական շահերից, լուրջ ընդունվել չի կարող։ Սա կոչված է բացառապես ռուսական շահերը սպասարկելուն, ռուսական շահեր, որոնք տրամագծորեն հակասում են հայկական շահերին»,- նման կարծիք հայտնեց Մեհրաբյանը։ Վերջինիս հավաստիացմամբ՝ կոնկրետ վտանգն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում պաշտպանական քաղաքականության վրա ռուսական գործոնի ազդեցությունն էապես մեծանում է։ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ զորախումբը ցանկացած պահի վերահսկելու է այն ուղղությունը, որն այդ պահին կցանկանա ռուսական կողմը, և այստեղ հայկական դերակատարությունը զրոյական է։

Տեսանյութեր

Լրահոս