Բաժիններ՝

ANEL-­ի սաները նախարար Մարտիրոսյանին ներկայացրել են երթևեկության ավտոմատ կառավարման նախագիծ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբեր 23-­ին այցելել է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ANEL) ու շրջայց կատարել կենտրոնի 4 հարկերում, ծանոթացավ ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիաներին։

«Ուսանողին տալ որակյալ ճարտարագիտական կրթություն արդի տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաներում»,­- այսպես է ներկայացրել լաբորատորիաների գործունեության նպատակը նախագծի համակարգող Ամալյա Մխիթարյանը։

ANEL-­ը հիմնվել է 2013 թ.­-ին և առավել քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական, գիտահետազոտական լաբորատորիաներից բաղկացած առաջադեմ փորձարարական կենտրոն է:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 6 տեխնիկական ֆակուլտետների ուսանողները հնարավորություն ունեն կրթական գործընթացում աշխատել ուսումնական ստենդերի վրա` իրենց ստացած տեսական գիտելիքները կատարելագործելով նաև գործնական­ լաբորատոր աշխատանքով։

ANEL-­ի խնդիրն է ամրապնդել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կրթական կարողությունները` բարելավելով ու համաշխարհային չափորոշիչներին համահունչ արդիականացնելով կրթական և հետազոտական լաբորատորիաները:

Վահան Մարտիրոսյանը բարձր է գնահատել ANEL-­ի նշանակալի դերը համալսարանի ուսանողների ուսումնառության ընթացքում և հույս հայտնել, որ այստեղ կզարգանան նորարարական գաղափարներ ու ինժեներական լուծումներ։

Նախարարը քննարկել է նաև հնարավոր համագործակցության հեռանկարները` հետաքրքրվելով, թե ինչպիսի գաղափարներ ունեն ANEL-­ի սաները նախարարության գործունեության ոլորտներում տեղի ունեցող գործընթացներն ավտոմատացնելու համար։

Այդ առումով հետաքրքրական էր ներկայացված ճանապարհային երթևեկության ավտոմատ կառավարման նախագիծը։ Վահան Մարտիրոսյանը նաև ընդգծել է, որ այս կառույցն օգնության է գալիս լրացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայաստանյան ընկերություններում մասնագետների պակասը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս