
ԵԽԽՎ համազեկուցողը ցավակցել է ՊՊԾ գնդի դեպքերի ընթացքում զոհվածների համար

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալմայոր Վարդան Եղիազարյանը նոյեմբերի 23-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին, Ջուզեպպե Գալատիին և նրանց ուղեկցող անձանց: ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի հաղորդագորթւայն մեջ նշված է. «Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալան Միլը ցավակցեց հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդում կատարված դրամատիկ դեպքերի ընթացքում զոհվածների համար, և հույս հայտնեց, որ հետագայում կորուստները կբացառվեն:
Ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը մանրամասն ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ընթացքը, վերջին տարիներին արձանագրված հաջողությունները, ինչպես և ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017 թվականների բարեփոխումների ծրագրով կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
Մասնավորապես, անդրադարձ կատարվեց հասարակության վստահության ամրապնդման, ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման և մի շարք այլ ուղղություններին:
Ամփոփ ներկայացվեցին նաև ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կատարած աշխատանքները:
Հյուրերին հետաքրքրում էին կառավարման նոր համակարգի վերաբերյալ ոստիկանության մոտեցումները, ինչի կապակցությամբ տրվեցին բացատրություններ:
Համազեկուցողները շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ արեցին մի շարք հարցադրումներ, որոնց տրվեցին լիարժեք ու սպառիչ պատասխաններ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: