ԵԽԽՎ-­ն իր հեղինակության համար պետք է հստակ դատապարտի իտալացի պատգամավորի դեպքը. Նաիրա Կարապետյան

Իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի կողմից ադրբեջանական գումարների ստացումը և լոբբինգն այդ երկրի օգտին առաջին հերթին ազդում են ԵԺԿ քաղաքական խմբի հեղինակության վրա:

«Արմենպրես»-­ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵԽԽՎ­ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը` շեշտելով, որ Եվրոպայում մի շարք իշխող քաղաքական կուսակցություններ ներառող ԵԺԿ քաղաքական ընտանիքի հեղինակությունը վտանգված է Լուկա Վոլոնտեի հնարավոր հանցագործության դեպքում:

«Կան դեռևս շատ պատգամավորներ ու երկրներ, որոնք հավատում են ԵԽԽՎ անաչառությանը, այն է` ժողովրդավարության տարածմանն ու կայացմանը և մարդու իրավունքների արժեքների տարածմանը: Եթե ապացուցվի Վոլոնտեի մեղքը, կարծում եմ, որ ԵԽԽՎ­-ն իր հեղինակության պահպանման համար պետք է դատապարտի այս երևույթը և ինչ­-որ նոր մեխանիզմներ ներդնի»,­ ընդգծեց Կարապետյանը:

Պատգամավորը շեշտեց նաև, որ մշակվում են իրավական առաջարկներ, որոնք կանոնադրորեն կփորձեն իսպառ վերացնել կողմնակալ լոբբինգը և ինչ­որ ծառայությունների մատուցումն ի շահ երկրների: Նրա խոսքով`ներկայիս կանոնակարգն ունի ինչ­որ կարգավորող մեխանիզմներ, սակայն չունի պատժիչ մեխանիզմներ. «այսինքն, եթե որևէ նվեր թաքցնում են, ու միայն ասում են ամոթ այս կամ այն պատգամավորին, որը 200 եվրոյի նվեր է ստացել ու հայտարարագիր չի ներկայացրել, կարծում եմ` դա շատ քիչ է»:

Անդրադառնալով Վոլոնտեի դեպքին` Կարապետյանը ներկայացրեց նաև այդ դեպքի նախապատմությունը: «2013թ-­ի հունվարին, երբ ԵԽԽՎ-­ն մերժեց Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ գերմանացի պատվիրակ Շտրասսերի զեկույցը, դեմ քվեարկողների մի ստվար զանգված, ԵԺԿ քաղաքական խմբից էին: Այդ ժամանակ ես ինքս ԵԺԿ քաղաքական խմբից էի և շատ լավ հիշում եմ Լուկա Վոլոնտեի հորդորներն ու անգամ պահանջները, որ եթե քաղաքական խումբը որոշում է դեմ կամ կողմ քվեարկել, ապա պատգամավորը պարտավոր է այդպես քվեարկել, իսկ հակառակ կարծիք ունենալու դեպքում, պետք է այդ մասին գրավոր տեղեկացնի: Շատ երկար վեճերի ու հայկական պատվիրակության ջանքերի շնորհիվ` ի դեմս Արփինե Հովհաննիսյանի ու իմ, մենք կարողացանք բերել այն մտքին, որ սա ազգային պառլամենտ չէ, և մենք չենք կարող ենթարկվել խմբի որոշմանը, և ամեն մարդ կարող է քվեարկել ըստ իր երկրի շահերի և իր խղճի»,-­ նշեց Նաիրա Կարապետյանը:

Նա հիշեցրեց, որ երբ 2մլն 390 հազար եվրո փոխանցվել է Լուկա Վոլոնտեին Շտրասսերի զեկույցի տապալման ժամանակ, տեխնիկական ինչ­ինչ պատճառներով փոխանցման ժամանակ անվստահություն է առաջացել ու հետաքննություն է սկսվել, որի արդյունքում Միլանի դատախազության տրամադրության տակ են հայտնվել մի շարք հաստատող փաստաթղթեր, օրինակ`ադրբեջանցի պատվիրակ Մուսլիմ Մամմադովի նամակը Լուկա Վոլոնտեին, որում նա ասում է, որ այդ գումարը տրվում է Վոլոնտեին, որ նա կարողանա պահի ԵԺԿ քաղաքական գիծը` շեշտելով, որ այդ գումարը տրվում է ի տնօրինություն իրեն և այլ պատգամավորների:

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ գումարը տրվել է ոչ միայն պատգամավորին, այլև փոխանցման նպատակով: Այս նամակագրության բացահայտման արդյունքում շատ սև գործարքներ են ի հայտ եկել, որոնք պետք է օգնեին Ադրբեջանին: Վստահ եմ, որ ավելի խորը հետաքննության դեպքում ի հայտ կգան նաև ջանքեր ընդդեմ հայկական բանաձևերի և հօգուտ ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում ադրբեջանանպաստ պատգամավորների:

Ուզում եմ այս սկանդալի մեջ կարմիր թելով անցկացնել այն փաստը, որ երբ հայկական պատվիրակության կողմից այս հարցը բարձրացվեց այլ պատգամավորների տեղեկացման համար, Պեդրո Ագրամունտի մոտ այսպես ասած «գերարձագանք» եղավ, և նա, խախտելով ԵԽԽՎ կանոնադրությունը, ինձ զրկեց ձայնի իրավունքից, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ Պեդրո Ագրամունտը ևս գտնվում է ադրբեջանական լոբբիի ազդեցության տակ»,­ ընդգծեց ԵԽԽՎ­ում հայկական պատվիրակության ներկայացուցիչը:

Խոսելով, ընդհանուր առմամբ խավիարային դիվանագիտության մասին` Կարապետյանը նշեց, որ այդ երևույթի վերաբերյալ շատ միջազգային կազմակերպություններ ունեն անգամ պատրաստած զեկույցներ, բրոշյուրներ: «Հատուկ մի աշխատանք կա նվիրված Պեդրո Ագրամունտին, որը կոչվում է «Խավիարային դիվանագիտություն կամ ինչու պետք է Պեդրո Ագրամունտը պետք է պաշտոնանկ արվի»: Դա արվել էր դեռ մինչև իր ԵԽԽՎ նախագահ դառնալը, երբ նա ԵԺԿ նախագահն էր: Խոսակցությունները խավիարային դիվանագիտության ու ծախված խորհրդարանականների թեման միշտ օդում կախված է եղել և արծարծվել է, իսկ Լուկա Վոլոնտեի քրեական գործը, որով հիմա զբաղվում դատախազությունը, առավելագույնս ապացուցեց, որ Ադրբեջանը խաղում է ոչ ազնիվ մեթոդներով»,­- ամփոփեց Նաիրա Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս