Բաժիններ՝

«Մենք ուրախ կլինենք ունենալ մեր ներկայացչությունը նաև Երևանում». Promobot ընկերության հիմնադիր Ալեքսեյ Յուժակով

Նոյեմբերի 18-19-ը Դիլիջանում տեղի ունեցավ 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը, որի մասին 168.am-ն արդեն անդրադարձել է: Ինչպես տեղեկացրել ենք, այս տարի Բիզնես ինովացիոն ֆորումն ուներ 150-ից ավելի մասնակիցներ, այդ թվում՝ արտասահմանյան ընկերությունների մի շարք ներկայացուցիչներ:

«Գիտելիքներ նորարարության և զարգացման համար»  թեմայի քննարկման շրջանակներում ելույթ ունեցավ նաև ռուսական Promobot ընկերության հիմնադիր Ալեքսեյ Յուժակովը, ով ներկայացրեց ընկերության գրանցած հաջողությունները և այն, թե ինչպես կարող են ռոբոտներն ինովացիոն հեղափոխություն անել:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն (ԻՏՁՄ) Հայկ Չոբանյանի խոսքով՝ հնարավոր է, որ ստացվի տպավորություն, թե այս ներկայացումը կապ չունի հիմնական թեմայի հետ, սակայն այն մեզ համար շատ կարևոր է, քանի որ  2009 թվականից Հայաստանում գործում է «Արմռոբոտիքս» ծրագիրը:

«Ծրագրի շրջանակներում հայ դպրոցականները սովորում են  ընդհանուր ռոբոտաշինություն, ռազմակական ռոբոտաշինություն և անօդաչու սարքերի ստեղծում: Մենք նախատեսում ենք համագործակցության հուշագիր ստորագրել Promobot ընկերության հետ, ինչից հետո երեխաները հնարավորություն կունենան զբաղվել ռոբոտաշինության այս տրենդային ուղղությամբ ևս»,- նշեց Հայկ Չոբանյանը:

Կարդացեք նաև

Ալեքսեյ Յուժակովը ֆորումի ընթացքում պատմեց այն հաջողությունների մասին, որոնք կարողացել է գրանցել ռուսական ընկերությունը: Promobot-ն այնքան է գրավել հասարակության ուշադրությունը, որ   Keysi Microelectronics չինական ընկերությունը 2017 թվականին  պատրաստվում է ռուսական Promobot-ից գնել թվով 100 ռոբոտ: Այս ռոբոտներից յուրաքանչյուրն արժե մոտ 10 հազար դոլար:

Ռուսական ռոբոտն օգնում է մարդկանց կողմնորոշվել տեղանքում, ազատորեն շփվում է զրուցակիցների հետ, կիսվում է որոշակի տեղեկատվությամբ, կարող է լուսանկարել ձեզ և անմիջապես տպագրել լուսանկարը: Լուսանկարի տպագրումը կտևի 30-40 վայրկյան, ինչի ընթացքում ռոբոտը կհասկանա, թե ինչ տարիքի և սեռի մարդ է կանգնած իր առաջ, և կառաջարկի նրան համապատասխան գովազդ:

Ռուսական Promobot-ը հայտնի էր դարձել նրանով, որ 2015 թվականի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ասել էր՝ «Խոսեք ինձ հետ, և ես կդառնամ աշխարհի ամենաերջանիկ ռոբոտը»: Վարչապետի հետ խոսելուց հետո ռոբոտը գրառում էր կատարել սոցիալական ցանցերում և կիսվել իր տպավորություններով:

Այս տարի հոկտեմբերին ներկայացվեց Promobot-ի երրորդ սերնդի  ռոբոտը, որն արդեն իսկ դարձել է ամենավաճառվող պրոդուկտը Ռուսաստանում:

Ներկայացումից հետո ռուսական ընկերության հիմնադիր Ալեքսեյ Յուժակովը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ընկերությունը նպատակ ունի՝ տարածել իր պրոդուկտն ամբողջ աշխարհում:

«Մենք ուրախ կլինենք ունենալ մեր ներկայացուցչությունը նաև Երևանում: Ուրախ եմ այս ֆորումում գտնվելու համար: Այստեղ մեր արտադրանքը ներկայացնելով՝ ևս մեկ անգամ վերապրեցի այն զգացումները, որոնք ունեի առաջին անգամ մեր ռոբոտը ներկայացնելիս»,- նշեց Ալեքսեյ Յուժակովը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս