Բաժիններ՝

2018-ին Հայաստանը կլինի աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում. Դիլիջանում մեկնարկել է Բիզնես ինովացիոն ֆորումը

Դիլիջանում մեկնարկել է «Հայաստան-2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրով 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը։

Երկօրյա ֆորումի ընթացքում ՀՀ կառավարության ներկայացուցիչների, տեղական և միջազգային փորձագետների քննարկումների միջոցով կներկայացվի ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, կծավալվի գործնական քննարկում և կձևավորվի օրակարգ՝ 2018 թվականին Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:

Ինովացիոն ֆորումը նպատակ ունի սահմանել Հայաստանի ինովացիոն ռազմավարության հիմնական առաջնահերթությունները և ձևակերպել լուծումներ։

Այս տարի ֆորումին մասնակցում են հայաստանյան և միջազգային ընկերությունների թվով  150 ներկայացուցիչներ։

Կարդացեք նաև

Ֆորումի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով՝ 2018 թվականին աշխարհի ինովացիոն քարտեզում 20-րդ տեղում լինելը հավակնոտ նպատակ է, սակայն հաշվի առնելով այլ երկրների փորձն ու Հայաստանի հնարավորությունները՝ կարելի է ասել, որ հնարավոր է իրագործել այդ նպատակը։

«Բիզնես ինովացիոն ֆորումը ամենախոշոր հարթակն է երկրի ինովացիոն զարգացման մարտահրավերները քննարկելու համար։ Վերջին տարիներին մեր կարևորագույն ծրագրերի գաղափարներն առաջացել ու քննարկվել են ինովացիոն ֆորումների ընթացքում։ Այս ֆորումը հերթականն է, բայց առանձնանում է նրանով, որ մենք ունենք ավելի մեծ մասնակցություն, մենք ունենք խոսնակներ աշխարհի 6 առաջատար երկրներից։ Ես համոզված եմ, որ այս տարվա ֆորումի արդյունքները կլինեն շատ ավելի ծանրակշիռ»,- նշեց Հայկ Չոբանյանը։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ ֆորումը կարևորվում է նրանով, որ քննարկվում են ինովացիոն բիզնեսի զարգացման միտումները ոչ միայն Հայաստանի օրինակով։

«Հաղորդակցման միջոցները գնալով զարգանում են, և այսօր արդեն այնպիսի ոլորտները, ինչպիսիք են բանկային համակարգը, տրանսպորտային կապը, ևս ենթարկվում են ինովացիայի։ Հայաստանը փակ երկիր է՝ հաշվի առնելով հարևանների հետ հարաբերությունները, և այդ պարագայում հատկապես կարևոր է ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմամբ մեծ առաջընթաց գրանցելը»,- նշեց Ալեքսանդր Եսայանը։

14972062_10208171997721877_1322763322_n

Բիզնես ինովացիոն ֆորումը իրականացվում է «ԵՄ-ն բիզնեսի համար» և «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնությունների շրջանակում:

Բիզնես ինովացիոն ֆորումը անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ և «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս