«Այսուհետ լվացող և մաքրող միջոցների ներկրմամբ ու արտադրությամբ զբաղվողները պետք է ունենան ԵՏՄ երկրների համար պարտադիր սերտիֆիկատ»

Ըստ ԵՏՄ կանոնակարգի՝ այսուհետ լվացող և մաքրող միջոցների ներկրմամբ և արտադրությամբ զբաղվողները պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատ, որը պարտադիր է ԵՏՄ անդամ երկրների համար: Այս մասին այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կազմակերպված իրազեկման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը:

«Ներմուծվող և վաճառվող բոլոր ապրանքները պետք է լինեն սերտիֆիկացված, պետք է ունենան հայերեն մակնշում, որտեղ նշված լինի՝ որ երկրից է տվյալ ապրանքը ներմուծվել, ում կողմից, պիտանելիության ժամկետը»,- ասաց նա:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ռիսկերի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Արմեն Տերտերյանը ներկայացրեց տեխկանոնակարգերի բոլոր հարցերը.

«2016թ. առաջին 9 ամսում ՀՀ ներմուծված լվացող-մաքրող միջոցների 21 տնտեսվարող սուբյեկտից ընդամենը 6 ընկերություն է սերտիֆիկացրել ներմուծված ապրանքները, բայց դա շատ կարևոր է, քանի որ այս միջոցներն անմիջական ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա: Դրա համար խնդրում եմ բոլորին՝ մեծ ուշադրություն դարձնել սահմանված պահանջներին ու սերտիֆիկացնել լվացող-մաքրող միջոցները, որպեսզի ստուգումներ իրականացնելիս խնդիրներ չառաջանան: Անկախ նրանից՝ ներմուծո՞ղ է, արտադրո՞ղ, թե՞ վաճառող, պահանջները տարածվում են բոլորի վրա»:

Տնտեսվարողների մեջ, սակայն, դժգոհություններ առաջացան՝ ինչո՞ւ է նախարարությունն իրենց աջակցելու փոխարեն՝ լրացուցիչ ծախսերի ու քաշքշուկի մեջ գցում:

Լ. Խալիկյանը նշեց, որ ընդհակառակը՝ նախարարությունը հեշտացնում է նրանց աշխատանքը.

«Ունենալով ԵՏՄ սերտիֆիկատ՝ կարող եք ձեր ապրանքն իրացնել ԵՏՄ անդամ բոլոր երկրներում: Հայաստանը ԵՏՄ անդամ երկիր է ու պարտավոր է ունենալ նույն սերտիֆիկատը, ինչ ԵՏՄ անդամ մյուս երկրները: Մենք անդամակցել ենք ԵՏՄ-ին, որն ունի իր չափանիշները»:

Սերտիֆիկացման մի փորձաքննության արժեքը, ըստ տնտեսվարողների՝ 26 հազար դրամ է: Նրանց խոսքով՝ դա հայաստանյան շուկայի համար լրացուցիչ ծախս է դառնում, հայկական ընկերությունն արդյունքում փակվում է՝ տեղը զիջելով ռուսական ընկերություններին: Լ. Խալիկյանը, սակայն, նշեց, որ կարգն այդպես է. «Ինձ չի թվում, որ նշված գումարը ձեզ համար ֆինանսական բեռ է, որ չցանկանաք սերտիֆիկացում իրականացնել, կամ չուզենաք՝ ձեր կողմից արտադրված ապրանքը համապատասխանի այդ պահանջներին»:

Վերջինս նաև նշեց, որ այսուհետ կարևոր են լինելու միայն ԵՏՄ կանոնակարգով նշված պայմանները, ու նախկին սերտիֆիկացիաները ԵՏՄ անդամ երկրների համար այլևս պարտադիր չեն:

«Եթե արտադրանքը վաճառում եք ԵՏՄ-ում, այսինքն՝ նաև Հայաստանում, ապա պետք է այն համապատասխանի ԵՏՄ տեխկանոնակարգին, իսկ եթե նույն  ապրանքը վաճառվելու է այլ երկրներում, ապա պետք է համապատասխանի իրենց տեխկանոնակարգին: Ամեն պետություն իրավունք ունի սահմանել այն չափանիշները, որն ինքն է ճիշտ համարում: Ձեզ համար հիմա հիմք է հանդիսանում միայն ԵՏՄ-ում գործող տեխկանոնակարգը՝ ԵՏՄ անդամ երկրներում վաճառք իրականացնելու համար»,- պարզաբանեց նա:

Տնտեսվարողներից մեկն էլ նշեց, որ հայաստանյան տնտեսվարողներն անհավասար պայմաններում են գտնվում ԵՏՄ անդամ մյուս երկրների տնտեսվարողների հետ, քանի որ այստեղ պարտադրվում է հայկական մակնշում Հայաստան ներկրվող և այստեղ վաճառվող ապրանքների համար, իսկ Հայաստանից ԵՏՄ անդամ երկրների տարածք արտահանելու դեպքում՝ ստիպված են լինում ռուսական մակնշում ունենալ: Լ. Խալիկյանն էլ նշեց, որ մակնշման թղթերը բավականին էժան են՝ 1 թուղթն արժե 1 դրամ: Տնտեսվարողը, սակայն, նկատեց՝ եթե մենք հայերեն գրենք՝ ուղարկենք Ռուսաստան, իրենք կվերցնե՞ն, չե՞ն վերցնի, ռուսերենը պարտադիր է, այդ դեպքում ինչո՞ւ նրանք էլ հայերեն չեն մակնշում: Նրա խոսքով՝ բոլոր երկրներն ասում են՝ փոքր շուկա եք, հայերեն չենք տպի, ինչն անհավասար պայմաններ է ստեղծում: Լ. Խալիկյանն էլ ասաց, որ ներմուծողներն իրենք պետք է այդ հարցով զբաղվեն:

Տեսանյութեր

Լրահոս