Բյուջեի բացասական սցենարը
Բյուջե 2017-ի ակնհայտ թերություններից մեկը, որը հարուցել է տնտեսագետների մտահոգությունը, բացասական սցենարի բացակայությունն է: Օրինակ՝ եթե չարձանագրվի համախառն ներքին արդյունքի 3.2% աճ, այլ նույնքան անկում լինի, այդ 3.2%-ի վրա կառուցված մյուս՝ բացասական սցենարներն անտեսվել են:
ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում նախ տարակուսեց, թե ի՞նչ է նշանակում բացասական սցենար, ապա մատնանշեց բյուջեում նախատեսված ռիսկերը, որոնք հաշվի առնելով՝ հաջորդ տարվա համար կանխատեսվում է 3.2% աճ:
«Բյուջեում ռիսկերը հաշվի առնված են: Ռիսկերի գնահատաման ընթացակարգեր, մեթոդաբանություն կան, այդ ամենը հաշվի առնված են: Այն իրատեսական ռիսկերը, որ հնարավոր է կանխատեսել, հաշվի առնված են»,- ասաց Գ. Մինասյանը:
Մեր դիտարկմանը, որ նույն տրամաբանությամբ այդ ռիսկերը կանխատեսված էին նաև այս տարվա բյուջեում, բայց պլանավորվածից պակաս աճ է գրանցվում, այսինքն՝ կանխատեսումը լավ չի արվում, Գ. Մինասյանը պատասխանեց. «Ոչ, բյուջեի 3.2% աճը կանխատեսում է, դա կարող է լինել ավելի շատ և կարող է լինել ավելի քիչ: Դա կանխատեսում է, ինչպես ցանկացած երկրի բյուջեն է կանխատեսում: Հաշվի առնելով գործող ռիսկերը՝ գալիս են այդ ցուցանիշին, որը հավասարակշռված է, կարող է լինել ավելի լավատեսական, կարող է լինել ավելի վատատեսական: Բայց ամենահիմնականը 3.2% աճն է»: