«Բանակին մատակարարվող միսն ու ձավարեղենը որակյալ են առավել, քան երբևէ». Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջնահերթ խնդիր է համարում Զինված ուժերին որակյալ և անհրաժեշտ քանակի սննդով ապահովելը: «Մեր առաջնահերթ խնդիրն է եղած ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով անել այնպես, որ մատակարարվող սննդի որակը լինի հնարավորինս բարձր, քանակապես պակաս չլինի: Ինձ զորացրվող զինվորներից որևէ մեկը թերսնվածության կամ սննդի պակասի հետ կապված որևէ բան չի ասել, ասել են, որ լավ կլիներ, եթե սնունդը լիներ մի փոքր ավելի բազմազան, մի փոքր ավելի տնական: Հասկանալի է: Բայց գիտեք, մի բան ակնհայտ է, արդեն երկար ժամանակ է, ինչ ԶՈՒ-ում սնունդը կազմակերպում են պայմանագրային աշխատողները և ոչ թե զինվորները, ակնհայտ է, չէ, որ այդ սննդի որակն արդեն այլ է»,- նշել է Վիգեն Սարգսյանը՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ ՊՆ-ն մսաբանջարեղենային կոնսերվաների հետ կապված խնդիր ունեցել է և շեշտել, որ դա չի կարելի կապել ամբողջ սննդակարգի հետ: «Այն միսը, ձավարեղենը, որ այսօր մատակարարվում են, և լավն են, և քանակով շատ, քան երբևէ եղել են մեր բանակում: Դա է կարևորը»,- շեշտել է Սարգսյանը:
Միաժամանակ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իրեն շատ է անհանգստացնում տնից զորամաս բերվող պահածոների հարցը. «Որովհետև հերիք է, որ այն միասին ուտեն 3-4 զինվոր, Աստված մի արասցե, թունավորվեն և բանակը հետո չիմանա դրան ինչ պատասխան տալ»:
ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է նաև, որ միայն կողմ կլինի, որպեսզի զինվորի կապն ընտանիքի հետ լինի ավելի ամուր, ստեղծվի հնարավորություն, որպեսզի զինվորը ծառայության ընթացքում ավելի հաճախ տեսնի իր ընտանիքին, որովհետև Հայաստանը դրա համար բավականին կոմպակտ երկիր է: Սարգսյանի խոսքով՝ դա հնարավոր է կազմակերպել, սակայն այն կապված է ծախսերի հետ: