«Սեյրան Սարոյանը հրաշալի վերջակետ դրեց». Ռուբիկ Հակոբյան
«Բանակի վրա ցեխ է շպրտում նա, ով չի ուզում տեսնել բոլոր այն թերությունները, որոնք կան բանակում. մի քիչ եկեք ցանկության հետևից չընկնենք, չեմպիոնատում խաղեր չտանք, մտածենք՝ ինչպես անենք, որ բանակ ունենանք»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
Անդրադառնալով իր և Կորյուն Նահապետյանի միջև տեղի ունեցած երեկվա բանավեճին՝ Ռ. Հակոբյանն ասաց. «Ես կարծում եմ՝ Սեյրան Սարոյանը հրաշալի վերջակետ դրեց։ Լրագրողը հարցնում է՝ պարոն Սարոյան, դուք ասում եք` մի քանի հոգի կան, որ աղավաղում են բանակի կերպարը, էդ անունները կտա՞ք։ Սեյրանն ասում է՝ ըսկի դատախազը ռիսկ չի անում էդ անունները տալ, ես ո՞նց տամ։ Վերջակետ, ճշգրիտ պատասխան»։
Ռ. Հակոբյանը նկատեց, որ արդեն մի շաբաթից ավելի է՝ նախագիծը շրջանառության մեջ է. «Մինչև քննարկումը երեք օր այս նախագիծը սոցցանցերում անտեր էր մնացել, որբ էր, ո՞ւր էիք։ Մենակ մի հատ Վիգեն Սարգսյան էր, որն ի պաշտոնե պետք է դա աներ, մեկ էլ Վարդան Դևրիկյանը։ Կարողացան մի եզրույթ գցեն մեջ, որ սա մուրացկանություն է, ուզվորություն է, և սկսեցին դեֆորմացնել այս գաղափարը։ Մեծամասնություն եք, մեդիադաշտը ձերն է, ամեն ինչը ձերն է, գնայիք հեռուստատեսություններով բացատրեիք այնպես, ինչպես Վիգեն Սարգսյանը բացատրեց, թե ինչ է սա։ Այստեղ շատ հստակ հոդվածներ կան, մեխանիզմներ կան, բարի լինեիք՝ բացատրեիք։ Մի մեղադրեք մարդկանց, որ չեն հասկանում ու դատողություններ են անում»։