Տուրօպերատորներն առաջարկում են զբոսաշրջային փաթեթներից հանել ԱԱՀ-ն

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 16-ին հանդիպեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության անդամների հետ` քննարկելու ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները:

«Կարեւորելով ոլորտը՝ մենք նախարարության կազմում ստեղծել ենք կոմիտե, որի միջոցով փորձելու ենք ապահովել զբոսաշրջության զարգացումն արագ տեմպերով»,-ասաց Կարայանը՝ կարեւորելով ոլորտում կարողությունների բացահայտման գործընթացը: Կարայանի խոսքով` կոմիտեն պատրաստ է ցանկացած ձեւաչափով համագործակցությանը: «Զբոսաշրջության ոլորտը արագ զարգացող եւ փոփոխվող ոլորտներից է, եւ մենք պետք է արագացնենք բոլոր աշխատանքները»,-ասաց նախարարը:

Տուրօպերատորները նախարարին առաջարկեցին զբոսաշրջային փաթեթներից հանել ավելացված արժեքի հարկը, այլապես զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված բոլոր գործընթացները կլինեն ապարդյուն: Նախարարն առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել եւ խնդրի շուրջ ավելի հանգամանորեն խոսել հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանը:

Տեսանյութեր

Լրահոս