Բաժիններ՝

«Չարություն տարածել պետք չէ». Արթուր Գևորգյանը մեղադրեց լրագրողներին

ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանը կարծում է, որ ավելի ճիշտ է՝ զինվորական հիմնադրամին վճարումների հարցում տարբերակված մոտեցում լինի` ավելի շատ ստացողները շատ վճարեն, քիչ ստացողները` քիչ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա. Գևորգյանը նշեց, որ ոչ մի վատ բան չկա, եթե գեներալը հարստացել է, բայց ոչ՝ բանակի հաշվին:

«Դուք ստեղծում եք հասարակության մեջ կարծիք, որ գեղեցիկը, հաջողակը, հարուստը դիտվում է՝ որպես վատ»,- լրագրողներին մեղադրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը` հավելելով, որ չարություն տարածել պետք չէ:

Անդրադառնալով իր ունեցվածքին` պատգամավորը նշեց, որ 30 անուն անշարժ գույք կա Արթուր Գևորգյանի անունով, բայց կարելի է ստուգել և տեսնել, որ դրանք իրենը չեն:

Թվարկելով իր մարզական հաջողություններն ու պարգևները` Ա. Գևորգյանը վստահեցրեց, որ պետական պաշտոնի անցնելուց հետո իր միջոցները հետզհետե պակասում են, որովհետև իր գլխավորած բռնցքամարտի ֆեդերացիան մեծ ծախսեր է պահանջում: Գևորգյանը նաև նկատեց, որ ինքն ունի շատ մեծ շրջապատ, որ պայմանագրերով օգնում է, որ ֆեդերացիան ավելի լավ վիճակում գտնվի. «Մեկ-մեկ պետք է մատնանշել էն, ինչ անում է տվյալ պատգամավորն իր հասարակական կյանքում, իր ընտրողների համար»,- հորդորեց նա:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկը՝ «Ժամանակ» օրաթերթը, օրերս անդրադառնալով Արթուր Գևորգյանի ունեցվածքին, գրել էր.

«ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում այս տարվա մայիսին երրորդ զավակն ունենալուն զուգահեռ ձեռք է բերել երկրորդ առանձնատունը: Մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերից հայտնի է դառնում, որ այս տարվա հունիսին ԱԺ պատգամավորը բնակարան (կոնդո) է ձեռք բերել 475 հազար ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Վալի Վիլեջ քաղաքում, որից 200 հազարը վճարել է կանխիկ: Ի դեպ, սա Արթուր Գևորգյանի միակ առանձնատունը չէ ԱՄՆ-ում: Անցած տարի նմանատիպ մի առանձնատուն Գևորգյանը գնել է Գլենդելում՝ 520 հազար դոլար արժողությամբ, նույնպես վճարելով 200 հազար կանխավճար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս