«Դուք սոցիալապես անապահով երեխաներին եք հիմնականում ուղարկում, ասում եք, թե մենք ձեր կյանքի համար կվճարենք

Զոհված զինծառայողների ընտանիքներին և վիրավոր զինծառայողներին ապահովագրավճար տրամադրելու համար յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց 1000-ական դրամ գանձելու օրենքի նախագծի դեմ բողոքի ակցիան այսօր խիստ սակավամարդ էր։ Օրենքի նախագծի դեմ բողոքող քաղաքացիները հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց և ներկայացնում էին իրենց հակափաստարկներն առաջարկվող լուծումների վերաբերյալ։

Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ օրենքի նախագիծը փորձում են ընդունել արագացված կարգով. դա, ըստ էության, օրենքի խախտում է, քանի որ ցանկացած նախագիծ մինչև ԱԺ քննարկմանը ներկայացնելը՝ պետք է հանրային քննարկում կազմակերպվի, որի ընթացքում հասարակության շահագրգիռ կողմերը կներկայացնեն իրենց մոտեցումը։

saqunc-1

akcia-1000-dram-10

Կարդացեք նաև

akcia-1000-dram-9

Արթուր Սաքունցն ասաց, որ խնդիրն ամենևին կապված չէ 1000 դրամի հետ. նրա խոսքով՝ 20 տարի վճարելու համար ՀՀ-ում ստվերային տնտեսության ծավալն ամենահամեստ հաշվարկներով՝ 25-30 տոկոս է կազմում. եթե մեկ տարվա համար ստվերային տնտեսության ծավալը կրճատվի 0.04 տոկոսով, այս խնդիրն ամբողջությամբ կլուծվի։ «Դուրս է գալիս, որ մարդիկ բացարձակապես չեն ուզում ստվերային տնտեսության ծավալը գոնե 0.4 տոկոսով կրճատել՝ այս խնդիր  լուծելու համար։ Ինչո՞ւ. որովհետև ստվերային տնտեսության առյուծի բաժինն ընկնում է հենց իրենց վրա՝ ովքեր դղյակներ են կառուցում, 1 մլն դոլարանոց տներ են առնում Ամերիկայում, ովքեր 2 մլն դոլարանոց տներ են առնում»,- ասաց նա։

Ըստ Արթուր Սաքունցի՝ փոխանակ իրականացնեն տնտեսական քաղաքականություն, որի շնորհիվ կունենաս վճարունակ և կենսամակարդակ ունեցող քաղաքացիներ, մատը մատին չեն տալիս և ասում են՝ եկեք հերթական անգամ հավաքենք։ Արթուր Սաքունցն ասաց, որ խնդիրն այն է նաև, թե ինչ է անում պետությունը, որ իր զինվորը չմահանա. «Սա շատ կարևոր հարց է։ Երկու-երեք օր առաջ այս նույն Ազգային ժողովի շենքում Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամն էր՝ Նիկոլայ Ռիժկովը, ով մի ունիկալ բան ասաց. ասաց՝ հա՛, զենք ենք վաճառում Ադրբեջանին, հետո՞ ինչ, հո չե՞նք տալիս՝ կռիվ անելու համար։ Հասկանում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը։ Փոխանակ քայլեր կատարեն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետություն լինելով՝ քո դեմ չկիրառվի զենքը, որից այդ մարդիկ զոհվում են, ասում են, թե նորմալ է»։ Ըստ նրա՝ իշխանությունների կողմից բացարձակ անգործություն է ցուցաբերվում՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերների հետ կապված: «Իր էությամբ՝ սա հակամարդասիրական է»,- ասաց Արթուր Սաքունցը՝ հարց հնչեցնելով, թե ինչու է խտրականություն մտցվում մինչև 2017թ. հունվարի 1-ը և դրանից հետո զոհված և վիրավոր զինծառայողների միջև։

akcia-1000-dram-8

akcia-1000-dram-3

akcia-1000-dram-1

Արթուր Սաքունցը հայտարարեց, որ օրեր անց կներկայացնեն ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության մասին ուսումնասիրությունը. «Դուք սոցիալապես անապահով երեխաներին եք հիմնականում ուղարկում, ասում եք, թե՝ մենք ձեր կյանքի համար կվճարենք։ Կներեք, սա ի՞նչ ցինիկ մոտեցում է։ Եվ հիմա փորձել սա անցկացնել հայրենասիրական տոնայնության տակ… սա այդ հայրենասիրական հասկացողության աղճատումն է բովանդակային տեսակետից»։ Արթուր Սաքունցն ասաց, որ պահանջում են ետ վերցնել նախագիծը. խնդրի լուծման մեթոդոլոգիան սխալ է։ Կառավարությունը պետք է հստակ ծրագիր ներկայացնի կոռուպցիայի դեմ պայքարի և ստվերային տնտեսության կրճատման համար։

akcia-1000-dram-2

Ակցիային մասնակցող Նարեկ Սարգսյանն էլ ընթերցեց պահանջները՝ բյուջետային միջոցներով անհապաղ կյանքի կոչել զոհված զինվորների ընտանիքներին հատուցում տալու նախաձեռնությունը, դադարեցնել «1000 դրամ» նոր հարկը։ Խորհրդարանից պահանջում ենք դեմ քվեարկել նախագծին, վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաև հետադարձ ուժով, քրեական գործեր հարուցել ապօրինի հարստացած պաշտոնյաների նկատմամբ։

Մանրամասները՝ 168.am-ի տեանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս