ՄԻԵԴ հերթական վճիռը Հայաստանի դեմ. կառավարությունը կվճարի 2900 եվրո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ` նոյեմբերի 10-ին, հերթական վճիռն է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ: Դատարանը հրապարակել է «Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով ճանաչել է արդար դատաքննության իրավունքի խախտումը: Որպես փոխհատուցում՝ կառավարությունը դիմումատու Դավիթ Ավետիսյանին պետք է վճարի 2400 եվրո` որպես բարոյական վնասի, և 500 եվրո` որպես կատարված ծախսերի փոխհատուցում:
2011թ. Դավիթ Ավետիսյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրա ներկայացուցիչն է եղել փաստաբան Հայկ Ալումյանը: Դիմելով ՄԻԵԴ` Դավիթ Ավետիսյանը հայտնել է, որ զրկված է եղել արդար դատաքննության իրավունքից, քանի որ իր դատապարտումը հիմնված է եղել վկայի նախաքննական ցուցմունքի վրա, ում հարցաքննելու հնարավորություն ինքը չի ունեցել: Մասնավորապես, դիմումատուն նշել է, որ դատապարտվել է 3 վկաների ցուցմունքների հիման վրա, որոնցից որևէ մեկը դատարան չի ներկայացել: Վկաներից երկուսին նա ընդհանրապես քննության որևէ փուլում հարցաքննելու հնարավորություն չի ունեցել: Ըստ դիմումատուի` չնայած իր և վկաներից մեկի միջև առերեսում է տեղի ունեցել քննության ընթացքում, այս գործողության ընթացքում նրա իրավունքները չեն հարգվել: Առերես հարցաքննությունը, ըստ դիմումատուի, չէր կարող բավարարել Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար դատաքննության իրավունքի պահանջները, քանի որ ծանոթ չի եղել նրա ցուցմունքի բովանդակությանը. պաշտպանական կողմը քրեական գործի նյութերին կարող է ծանոթանալ միայն նախաքննության ավարտից հետո:
Կառավարությունը պնդել է, որ մարզային դատարանը ձեռնարկել է բոլոր հնարավոր ջանքերը երեք վկաներին դատարանում անձնապես լսելու համար: Մասնավորապես, ըստ կառավարության, մարզային դատարանը մի քանի անգամ հետաձգել է դատական նիստերը և որոշում է կայացրել նրանց ներկայությունն ապահովել Ոստիկանության միջոցով: Չնայած այս բոլոր ջանքերին` հնարավոր չի եղել ապահովել նրանց ներկայությունը դատական նիստերին, քանի որ վկաներից երկուսն արտասահմանում են եղել, իսկ մեկը գտնվել է հիվանդանոցում: Կառավարությունը նշել է, որ դիմումատուն դատապարտվել է այդ երեք վկաների, ինչպես նաև՝ ՔԿՀ երկու աշխատակիցների ցուցմունքների վրա: Չնայած առաջինները ներկա չեն եղել դատավարությանը, մյուս երկուսը լսվել են դատարանի կողմից: Բացի այդ` երեք վկաներից մեկի և դիմումատուի միջև առերես հարցաքննություն է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև դիմումատուի փաստաբանը: