«Արցախում պատերազմի վերսկսումը միշտ էլ հնարավոր է». Դավիթ Բաբայան

«Բանակը չպետք է նվազեցնի իր մարտունակությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով անցած գիշեր և այսօր շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի նախաձեռնած սադրիչ գործողություններին։

Հիշեցնենք, որ  այսօր ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա)  ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

Հարցին, թե որքանո՞վ է շփման գծում ստեղծված լարվածությունը պայմանավորված ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում սպասվող նախարարական բանակցություններով՝ Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ ստեղծված իրավիճակի համար առանձնապես լուրջ դրդապատճառ ու հիմք չկա։ «Սա Ադրբեջանի էությունն է, միշտ էլ այդպիսի քայլերի է դիմում և դիմելու, քանի որ ահաբեկչական պետություն է, իսկ նման պետությունների դեպքում ահաբեկչական քաղաքականությունն անակնկալ չէ։ Լինի դա զորավարժությունների ժամանա՞կ, թե՞ դրանից հետո կամ առաջ, միշտ էլ այդպիսի քայլերի  են դիմում։ Ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք  նացիստական, ֆաշիստական, ահաբեկչական պետություն»,- ասաց Բաբայանը։ Սակայն, նրա համոզմամբ, բանակցությունները կարևոր է շարունակել։

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը չի փոխվել, պարզապես կարևոր է, որպեսզի հակամարտությունը խաղաղ  կարգավորում  ունենա, իսկ այդ բանակցությունները  խաղաղ կարգավորման մի բաղկացուցիչ մասն են, հետևաբար՝ անհրաժեշտ է շարունակել։ «Ադրբեջանը շարունակելու է իր ապակառուցողական դիրքորոշումը, բայց այլ տարբերակ չկա»,- ընդգծեց Բաբայանը։

Կարդացեք նաև

Անդրադառնալով լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը՝ նա նշեց, որ պատերազմի վերսկսումը միշտ էլ հնարավոր է։ «Բայց հավանականությունը մեծ չէ՝ մի շարք պատճառներով. տարածաշրջանում պահպանվում է հավասարակշռությունը, ապրիլ ամսին Ադրբեջանի արկածախնդրությունը, ավանտյուրան՝ բլից-կրիգի միջոցով Արցախի ոչնչացման ծրագիրը տապալվեց, նա կրեց մեծ բարոյական, նյութական վնաս։ Բայց դա չի նշանակում, որ  բանակը պետք է իր մարտունակությունը նվազեցնի»,- ասաց ԼՂՀ նախագահի խոսնակը։

 

Տեսանյութեր

Լրահոս